Կապանի հատուկ կրթահամալիրի գնացող տրանսպորտ չկա, երեխաները գիշերում են դպրոցում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ԿԳՄՍՆ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և մի շարք խնդիրներ հայտնաբերել։ ՄԻՊ գրասենյակի հրապարակման համաձայն, պարզվել է, որ արձանագրված խնդիրների մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։
Արձանագրվել է, որ կրթահամալիրում սովորող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ ապահովված չէին։ Տնօրինությունը նշել է, որ ներկայումս դրան ուղղված քայլեր իրականացվում են:
Կրթահամալիրն ունի բազմամասնագիտական թիմով, այդ թվում՝ էրգոթերապիստներով, ժեստերի լեզվի թարգմանիչներով և այլ մասնագետներով համալրվելու անհրաժեշտություն։ Այս տեսանկյունից խնդրահարույց է ինչպես հաստիքների, այնպես էլ մարզում նեղ մասնագետների բացակայությունը։
Բացի այդ, առկա է կրթահամալիրի աշխատակիցների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն, ինչը պայմանավորված է ռեսուրսների սակավությամբ:
Հեռավոր բնակավայրերից եկած երեխաները հաճախ գիշերում են կրթահամալիրում տրանսպորտի բացակայության պատճառով։
Արձանագրվել է նաև, որ առկա է կրթահամալիրի աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման անհրաժեշտություն՝ ըստ մասնագիտական աշխատանքային բովանդակության և այլն:
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են կրթահամալիրի տնօրենի և աշխատակազմի հետ: Տնօրենը պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ կրթահամալիրի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նշվում է, որ մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, առաջարկությունների հետ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: