Սպանդանոցներում մորթ իրականացնող ֆերմերները կվարձատրվեն
Այն ֆերմերները, որոնք անասուների մորթ կիրականացնեն սպանդանոցներում, կանխիկ գումարով կվարձատրվեն։ Sputnik Արմենիան դրում է, որ այդ մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում որոշել են փորձարկել ավստրիական փորձը, որի մասին վերջերս են իմացել Պապոյանի տեղակալներից մեկը և գյուղատնտեսության և բնապահպանության պատգամավորական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, որոնք այցելել են Ավստրիա:
«Ավստրիայում 25 տարի առաջ ամեն ինչ այնպես էր, ինչպես մեզ մոտ. կային սպանդանոցներ, որոնցից ֆերմերները չէին օգտվում։ Այդ պատճառով պետությունը սկսեց ֆինանսապես խրախուսել ֆերմերներին։ Հիմա դրա կարիքը Ավստրիայում այլևս չկա, քանի որ հասարակության մեջ մսի անվտանգության ստանդարտների մասին արդեն կա արմատավորված հստակ գիտակցում»,– նշեց Պապոյանը։
Թե որքան կվճարեն ֆերմերներին, ՀՀ կառավարությունը դեռ չի հստակեցրել, սակայն Պապոյանն ասաց 2025 թ. սպանդանոցների համար նախատեսվում է հատկացնել 350 մլն դրամ։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` 2025 թ. տարեկան բյուջեն կազմում է 79 մլրդ 550 մլն դրամ, որը նախատեսված է ծախսել 10 ծրագրի իրականացման համար։ Ի դեպ, նախարարության բյուջեի մեծ մասը կհատկացվի գյուղատնտեսության ոլորտին։