Սահմանամերձ բնակավայրերում տների պահանջարկն ավելացել է․ գները՝ հիմնականում բարձրացել
Տավուշի մարզ, Սոթք․ սահմանամերձ այս բնակավայրում բնակապահովման 16 մլն դրամ աջակցության ծրագրով 40 –ից ավելի տուն է կառուցվում։ Զրուցակիցս շահառուներից մեկն է։ Ռոզան պատմում է․ «Հաստատվել է մեր ծրագիրը, շահառու ենք արդեն։ Վեց հոգի ենք և տունը կառուցելու ենք այստեղ։»։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ejc.am թղթակցի հարցին արձագանքում է․ «Սահմանամերձ համայնքներում տուն կառուցողների թիվն ավելանում է՝ չնայած սկզբում օգտվող չկար»։ Հիշում է․ «Տավուշում 300 և ավելի տուն էին կառուցում, իսկ մեր մարզում չէր ստացվում։ Ամեն անգամ հանդիպելով, զրուցելով, բացատրում էինք, բայց միշտ լինում էին մարդիկ, որ խանգարում էին՝ ասելով, թե վարկի տակ են գցում։ Բայց այդ խնդիրը հաղթահարվեց ու հիմա 42 տուն միայն Սոթքում է կառուցվում։ 15 -ն արդեն շինարարության փուլում է։ 46-ը շինթույլտվություն են ստացել»։
2022թ հոկտեմբերից կառավարությունն իրականացնում է Սահմանային բնակավայրերում բնակարանային ապահովության աջայցության ծրագիրը։Պայմանները վերջերս բարելավվել են, որի արդյունքում շահառուների թիվն ավելացել է։ Ուստի որոշվել է ծրագիրը 2000 գործարքով սահմանափակել։ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում քաղաքացիներն իրենց բնակելի տները կառուցում են պետության ֆինանսավորմամբ։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով 13 տոկոս տոկոսադրույքի մարման նպատակով։
Ծրագրին մասնակցելու համար կան մի քանի պայմաններ։ Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը ejc.am-ին փոխանցում է․ «Առաջին պայմանն այն է, որ պետք է հող ունենալ սահմանամերձ բնակավայրերում։ Կան նաև պահանջվող փաստաթղթեր՝ ամուսնության վկայական՝ ընդ որում ամուսինների տարիքային գումարային շեմը 75 տարին է։ Հաջորդ պայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալն է։ Սա վերաբերում է շահառու ընտանիքի բոլոր անդամներին։ Բացի նշվածը, պետք է լինի շինթույլտվություն ու նախագիծ։ Շահառու է համարվում նաև ամուսնուն կամ կնոջը կորցրած, առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը»։
Հունիսի տվյալներով ծրագրով հաստատվել է 1334 հայտ։ Փետրվարի 412 –ի համեմատ՝ 5 ամսվա ընթացքում ավելի քան 3 անգամ հայտերի քանակն ավելացել է։ Հայտերից քանի՞սն է բավարարվել , որքանի՞ն է տրվել այդ աջակցությունը։ Տնտեսագետը տվյալներն է փոխանցում․ «Հունիսի տվյալներով 853 –ի հետ կնքվել է հիփոթեքային վարկավորման պայմանագիր և տրամադրվել է։ Մինչև հունիս ամիսը ծրագրի շրջանականերում տրամադրվել է 1․5 մլրդ դրամի վարկ»։
Ծրագրի շրջանակներում սկսվեց իրականացվել լայնածավալ շինարարություն։ Սրանով պայմանավորված՝ հողերի գներն են նաև բարձրացել։ Ծրագրի իրականացման արդյունքում կարևորվում է տարածքային համաչափ զարգացումը։ Այդ նպատակով հատկապես այն գոտիներում, որտեղ բնակելի տների կառուցման պահանաջարկը քիչ է, կառավարությունը 16 մլն դրամից բացի, ևս 5 մլն դրամ է հատկացնում։
Կադաստրի կոմիտեի թարմացված տվյալներով ևս՝ սահմանամերձ բնակավայրերում տների գները հիմականում բարձրացել են։ Այսպես՝ Սյունիքի մարզում բնակարանների գները բարձրացել են միջինում 3 տոկոսով, միայն Մեղրիում են մոտ 1 տոկոսով տների գները նվազել, Վայոց Ձորում՝ Ջերմուկում բնակարանները թանկացել են 3․3 տոկոսով, Տավուշում՝ Նոյեմբերյանում մոտ 1 տոկոսով բնակարանների գները նվազել են, մնացած բնակավայրերում՝ 2 տոկոսով ավելացել։ Հատկանշական է, որ Գեղարքունիքի մարզի երկու սահմանամերձ բնակավայրերում՝ Վարդենիսում տների գները բարձրացել են մոտ 5, իսկ Ճամբարակում՝ 6 տոկոսով։ Արարատում նույնպես տների գները մոտ 2 տոկոսով բարձրացել են։