Հայաստանում կայացավ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագրով միջազգային համաժողովը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում անցկացվել է միջազգային համաժողով՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագրով․ միջոցառումն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։
Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են այցելել տարբեր երկրներ ներկայացնող պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ, սոցիալական գործընկերներ։
Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է սոցիալական արդարության ամենաֆունդամենտալ և ամենակարևոր գործոնի մասին, որն, ըստ վարչապետի, նաև պատասխանում է հարցին, թե ինչ է պետք անել, ինչ պայմաններ է պետք ապահովել սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար. «Իմ կարծիքով, և թերևս դա ցույց է տալիս մեր Կառավարության հետազոտությունը, դիտարկումները, սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, որովհետև դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության, որովհետև այն բոլոր պրոբլեմները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում՝ դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ: Թերևս կարևոր է ընդգծել, որ այստեղ կրթություն ասվածը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում, որովհետև ամենակարևոր բաղադրիչը տվյալ դեպքում, որը ես նկատի ունեմ, հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարը, իհարկե, առաջին հերթին, դրվում է հանրակրթության ոլորտի, նրա հասանելիության և որակի վրա»։
Երեխաների պարտադիր կրթության ապահովման, կանանց տնտեսական զորեղացման, սոցիալական արդարության գաղափարի կարևորության և մի շարք այլ թեմաների է անդրադարձել նաև Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը․«Կարծում եմ, որ արժանապատիվ աշխատանքը շատ կարևոր է սոցիալական արդարության համար, և պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որտեղ բոլորը կարող են աշխատել արժանապատվորեն և իրենց ներդրումն ունենալ իրենց համայնքների զարգացման գործում։ Մարտահրավերները բարդ են, և մենք պետք է այնպիսի քաղաքականություններ մշակենք, որոնք կպաշտպանեն նաև երեխաների իրավունքները, կապահովեն նրանց համար որակյալ կրթություն ու դուրս կբերեն աղքատությունից»։
Ընդգծելով սոցիալական արդարության գաղափարի կարևորությունը հասարակության արժանապատիվ կյանքի և հավասար հնարավորությունների ապահովման գործում՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր բացման խոսքում նշել է, որ այս նպատակին հետամուտ՝ ՀՀ կառավարությունը 2018 թվականից ի վեր մեկնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Նախարարն ընդգծել է, որ գենդերային հավասարության, սոցիալական պաշտպանության, աջակցության, հանրային ծառայությունների հասանելիության, կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների երաշխավորման համատեքստում վավերացվել են մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ միջազգային իրավական ակտեր։
«Այսօր հնարավորություն ունենք մեկ հարկի տակ համախմբել տարբեր երկրների ներկայացուցիչների, ովքեր ունեն զգալի ներդրում և արժեքավոր ասելիք, ում փորձն ու գիտելիքը կարող է դառնալ հրաշալի օրինակ բոլորիս համար։ Լիահույս եմ, որ համաժողովը մեզ նաև հնարավորություն կտա միասին լուծումներ գտնել սոցիալական արդարության սկզբունքների իրականացման համար»,- նշել է նախարարը։