ՊԳԿ զեկույց. Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար
Թաքնված ծախսերի մոտ 70 տոկոսն աշխարհում առաջանում է ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված ազդեցությունների հետեւանքով, մասնավորապես առավել արդյունաբերականացված ագրոպարենային համակարգերում։
Հռոմ. ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից 156 երկրների մասնակցությամբ կատարված հանգամանալից ուսումնասիրությունը հաստատում է, որ ագրոպարենային գլոբալ համակարգերում թաքնված ծախսերը հասնում են տարեկան շուրջ 12 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Այս գումարի մոտավորապես 70 տոկոսը (8.1 տրիլիոն ԱՄՆ դոլար) առաջ է գալիս անառողջ սննդակարգից, որը կապված է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) հետ, ինչպիսիք ենսրտանոթային հիվանդությունները, կաթվածը եւ շաքարային դիաբետը, որոնք բազմակի անգամ գերազանցում են շրջակա միջավայրի դեգրադացիայի եւ սոցիալական անհավասարությունների հետ կապված ծախսերը։
«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը 2024 թվականին» (ՊԳՎ/SOFA) զեկույցը հիմնված է 2023 թ. տարբերակի վրա, որտեղ փորձ է արվում ավելի խորքային վերլուծություն կատարել՝ կիրառելով իրական ծախսերի հաշվառման սկզբունքը եւ բացահայտել սննդամթերքի արտադրությանը, բաշխմանն ու սպառմանն առնչվող ծախսերի եւ օգուտների ողջ տիրույթը, այդ թվում շուկայական արժեքում չարտացոլված՝ այսպես կոչված «թաքնված ծախսերը եւ օգուտները»։ Զեկույցում ներկայացված են այդ ծախսերի նոր գնահատումները, որոնք բաշխված են ըստ ագրոպարենային համակարգերի տեսակների, ինչպես նաեւ պատկերված է մեր ագրոպարենային համակարգերի փոխակերպման ուղղությունը։
Ուսումնասիրությունը մանրամասնում է, թե ինչպես են թաքնված համաշխարհային ծախսերը պայմանավորված գլխավորապես առողջապահական թաքնված ծախսերով, որին հաջորդում են բնապահպանական թաքնված ծախսերը՝ բարձր միջին եւ բարձր եկամուտ ունեցող երկրների առավել արդյունաբերականացված ագրոպարենային համակարգերում։ Առողջապահական ազդեցությունների ուսումնասիրության արդյունքում սննդակարգի 13 ռիսկային գործոն է առանձնացվել: Դրանք ներառում են ամբողջահատիկով սննդամթերքի, մրգերի եւ բանջարեղենի անբավարար ընդունումը, նատրիումի ավելցուկային սպառումը եւ կարմիր ու վերամշակված մսի մեծաքանակ սպառումը՝ տարբեր ագրոպարենային համակարգերում արձանագրելով զգալի տարբերություններ:
Ամբողջությամբ՝ docviewer.yandex.com