Որքան հարկ են վճարել բանկերը հունվար-սեպտեմբերին

Հայաստանի առևտրային բանկերը ներառված են խոշոր հարկատուների կազմում։ Այս տարվա ինն ամսում (2024 հունվար-սեպտեմբեր) 18 բանկերը միասին պետական բյուջե են վճարել մոտ 103 մլրդ դրամի հարկեր։ «Արցախբանկ»-ին չհաշված՝ մյուս 17 բանկերի հարկերը միասին, նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, նվազել են 9%-ով։ 

«Արցախբանկ»-ը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին չի ներառվել խոշորների կազմում, ուստի հարկերի ծավալը հրապարակված չէ։ 

2024 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն «Ամերիաբանկ»-ն է, որի վճարած հարկերի ծավալը կազմել է 20.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 10%-ով։

Համակարգի երկրորդ խոշոր հարկատուն «Ակբա բանկ»-ն է՝ 10.9 մլրդ դրամով։ Բանկի հարկերը մնացել են նույն մակարդակում։

Երրորդը «Ինեկոբանկն» է՝ 9.5 մլրդ դրամի հարկերով և 10% աճով։ 

Կտրուկ նվազել են «Արդշինբանկ»-ի հարկերը՝ կազմելով 8.1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այն նվազել է 13.2 մլրդ դրամով կամ 62%-ով։ «Արդշինբանկ»-ի հարկերի անկումը էական բացասական ազդեցություն է թողել բանկային համակարգի ընդհանուր հարկերի ծավալի վրա։

Մյուս խոշոր հարկատու բանկը՝ «Կոնվերս բանկը», ավելի քան երկու անգամ ավելացրել է հարկերը՝ ինն ամսում վճարելով 6.7 մլրդ դրամ։

Հարկերի տեսանելի աճ են գրանցել նաև «ՎՏԲ Հայաստան բանկը» և «Ամիօ բանկը»։ Ընդհանուր առմամբ, բացի «Արցախբանկից», բանկերից յոթը նվազեցրել են հարկերը, տասը՝ ավելացրել։ 

Աղբյուրը՝ hetq.am