ՀՀ վարչապետ․ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ-ի մասին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
News.am-ի հրապարակման համաձայն, նա հիշեցրեց, որ Հայաստանի ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ արձանագրել է, որ այդ հղումը Անկախության հռչակագրին վերաբերում է բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում. «ՀՀ Սահմանադրության տեքստում որեւէ դրույթ ԼՂ-ի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի պարունակում: Պետք է հիշել նաեւ, որ Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության միջեւ գոյություն ունի ըստ ընդունող սուբյեկտների հստակ աստիճանակարգային տարբերություն: Այսինքն եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետության ժողովրդի կողմից:
Երկրորդը, Ադրբեջանի Սահմանադրությանն նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին: Այդ ակտն իր հերթին հղում է անում 1918-ի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին: Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագիրն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է արեւելյան եւ հարավային Անդրկովկասը: 1919-ի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի Լոռու մարզերի տարածքները մասամբ: Սա այսօրվա Հայաստանի տարածքի շուրջ 60 տոկոսն է:
Այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ-ի»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով:
Նախ, նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, եւ երկրորդը՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը:
Այդ պայմանագրի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն միմյանցից տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ չառաջադրել»,-ասսաց վարչապետը:
Նա հայտարարեց, որ եթե խաղաղության պայմանագրի կնքումից հետո ՀՀ ՍԴ-ն որոշի, որ այդ տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանը կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ: Իսկ եթե ՍԴ-ն համարի, որ համապատասխանում է Սահմանադրությանը, ապա այն կվավերացվի ԱԺ-ում:
Փաշինյանն ամփոփելով խոսքը՝ ասաց. «Մենք Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում, և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա»: