Ֆիննախը պարզաբանում է տարածել 2025թ պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, պետական գնումների, ծառ. մեքենաների վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածե, որում ասվում է.
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում, ԱԺ ամբիոնից հնչել են մի շարք դիտարկումներ, որոնց ցանկանում ենք անդրադառնալ ստորև, քանի որ հույժ կարևոր ենք համարում ճշգրիտ և թափանցիկ տեղեկատվության տրամադրումը:
Հաշվետու ժամանակահատվածում կապիտալ ծախսերը 27.3%-ով (64.9 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հարկ է նշել, որ նախորդ տարվա ինն ամիսների համեմատ արձանագրվել է կապիտալ ծախսերի ինչպես ծավալների, այնպես էլ կատարողականի աճ (13.5 տոկոսային կետով), ընդ որում՝ աճ է արձանագրվել ինչպես արտաքին աջակցությամբ, այնպես էլ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերում:
Պետական գնումներ
Գնումների համակարգում իրականացվող շարունակական բարելավումների արդյունքում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (հունվար-հոկտեմբեր) նվազել են մեկ անձից գնումները: Մասնավորապես՝ մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնումները 5.9%-ից նվազել են՝ կազմելով 5%, իսկ հրատապության հիմքով պայմանավորված գնումները՝ 5.5 %-ից՝ 1 .8 %։
Մանրամասն տեղեկությունը մշտապես հասանելի է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում. https://bit.ly/3ULlT8E:
Ծառայողական մեքենաների թվաքանակի վերաբերյալ տեղեկանք
Պետական համակարգում ծառայողական մեքենաների թվաքանակի վերաբերյալ տեղեկանքը չի ներկայացվում պետական բյուջեի նախագծի մաս կազմող բացատրագրի հավելվածներում դեռևս 2022 թվականից` հաշվի առնելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով համապատասխան պահանջի բացակայությունը: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այն տրամադրվում է՝ ըստ ՀՀ ՖՆ ներկայացված հարցման: