Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից օգտվելու ընթացակարգը

Հարցուպատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից օգտվելու ընթացակարգի, ծառայությունները մատուցող կազմակերպությունների և այլնի վերաբերյալ.
Հարց 1։ Հաշմանդամություն ունեցող անձ եմ․ կարող եմ արդյոք օգտվել ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններից։
Պատասխան: Այո՛, եթե հաշմանդամություն ունեցող անձ եք, ապա ցերեկային կենտրոնում անվճար հիմունքով կարող եք ստանալ սոցիալ-վերականգնողական ծառայություններ:
 Հարց 2։ Ի՞նչ են ներառում ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայությունները։
Պատասխան։ Ցերեկային կենտրոններում իրականացվում են տարբեր խմբային և անհատական պարապունքներ (փայտագործություն, կավագործություն, գորգագործություն, երաժշտաթերապիա), ինքնուրույն կենցաղավարման, ինքնասպասարկման հմտությունների ուսուցանում և այլն:
 Հարց 3։ Ծառայություններից կարո՞ղ են օգտվել մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։
Պատասխան։ Այո՛, մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ևս կարող են օգտվել ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից։
Հարց 4։ Արդյոք մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի են սոցիալ-վերականգնողական ծառայությունները։
 Պատասխան։ 2024 թվականին սոցիալ-վերականգնողական ծառայությունները տրամադրվում են ոչ միայն Երևանում, այլև մի շարք մարզերում․ դրանք մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
 Հարց 5։ Այս տարի սոցիալ-վերականգնողական ծառայությունները ո՞ր հասարակական կազմակերպությունների միջոցով են տրամադրվում։
Պատասխան։ 2024 թ․ անհրաժեշտ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
․ «Աուտիզմ Ազգային» հիմնադրամ (ք․Երևան),
․ «Փրկություն» ԲՀԿ (ք․ Երևան),
․ «Փյունիկ» ԲՀԿ (ք․ Երևան),
․ «Կարիտաս-Արեգակ» ԲՀ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի),
․ «Լիարժեք կյանք» ՀԿ (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան),
․ «Աստղավարդ» ՀԿ (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս),
․ «Խնամք» ՀԿ (Լոռու մարզ, ք․ Սպիտակ)։
 Հարց 6։ ԼՂ-ից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք արդյոք կարող են օգտվել այս ծառայություններից։
 Պատասխան։ Այո՛, ԼՂ հայրենակիցները ևս կարող են օգտվել ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից։
 Հարց 7։ Ծառայություններից օգտվելու համար ո՞ւր կարող եմ դիմել։
Պատասխան։ Սոցիալ-վերականգնողական ծառայություններից օգտվելու նպատակով կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակության վայրի տարածքային կենտրոն։ Հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://socservice.am/offices