ԵՆԲ-ն 236 մլն եվրո վարկ կտա՝ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
Եվրոպական ներդրումային բանկի համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) Հայաստանի հետ ստորագրել է շուրջ 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կարեւորագույն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը համաֆինանսավորելու համար։ Այս նախագիծը կոչված է փոխելու իրերի դրությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար՝ զգալիորեն բարելավելով տրանսպորտային կապը Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ:
ԵՆԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այս ենթակառուցվածքի կլիմայակայուն հատվածը կնպաստի կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը՝ ի հաշիվ ճանապարհորդության հեռավորությունների, տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի եւ ճանապարհային պատահարների կրճատման: Ճանապարհային անվտանգության բարելավումը նախագծի հիմնական առանձնահատկություններից եւս մեկն է, որն ավելի անվտանգ եւ արագ երթուղիներ կառաջարկի ճանապարհորդներին եւ ապրանք փոխադրողներին: Նախագիծը կհեշտացնի մուտքը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներ եւ կնպաստի ՀՀ պակաս միակցված մարզի՝ Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
«Այս փոխակերպիչ ծրագիրը կդառնա տարածաշրջանի տրանսպորտային ցանցի հիմնական զարկերակը, որը Հայաստանին կապահովի դեպի գլոբալ շուկաներ ավելի լավ հասանելիությամբ եւ կօգնի ձեւավորել ավելի փոխկապակցված եւ դիմակայուն ապագա։ Սա ԵՆԲ-ի եւ Հայաստանի միջեւ երբեւէ ամենախոշոր ֆինանսական պայմանագիրն է։ Մենք ուրախ ենք աջակցել այս նախագծին, որը կնպաստի կայունությանը, կխթանի տնտեսական դիմակայունությունը եւ կամրապնդի կապը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ», - նշել է ԵՆԲ-ի փոխնախագահ, Հայաստանում բանկի գործունեության պատասխանատու Թերեզա Չերվինսկան։