Երևանում տրանսպորտն անվճար կլինի զոհվածների և անհետ կորածների ընտանիքի անդամների համար

Երևանի ավագանին ընդունեց Արցախի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների՝ տրանսպորտից արտոնություններով օգտվելու առաջարկը:
Նախագիծը ներկայացրեց «Հանրային ձայն» խմբակցության քարտուղար Վահե Եսայանը։
Ավագանու անդամներից 54-ը կողմ քվեարկեցին առաջարկին, 1-ը` ձեռնպահ։
Այս նախագծի շահառու է հանդիսանում 13 500 անձ, որոնք բոլորը Երևանի գրանցում ունեն։ Այսինքն` մարզերից մայրաքաղաք եկող և նույն կարգավիճակն ունեցող անձինք սույն փաթեթից օգտվել չեն կարողանա։
Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած կամ անհետ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) անսահմանափակ ուղևորություններ կատարելու հնարավորություն կունենան «90 օր» ֆիզիկական քարտ ձեռք բերելու դեպքում՝ ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում։ Այս փաթեթը կգործի յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով։
Անվճար օգտվելու պայմանը կգործի նաև «365 օր» էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու դեպքում։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: