Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել  է   Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության մի շարք  օրակարգային հարցեր: Մասնավորապես՝  կողմերը դրական են գնահատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին  և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին:
Արդարադատության նախարարը շեշտել է հանրության լայն շրջանակներում դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը՝ ընդգծելով կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծումը: ԵՄ դեսպանը կարևորել է այս ուղղությամբ տարվող ԵՄ-Հայաստաներկխոսության հանձնառությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին: Կողմերն արձանագրել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի  դերն ու փուլային շարունակականությունը:   
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը: