Երեւանում կգործի «Գազպրոմ Արմենիայի» «Ուսումնա-սպորտային համալիր»-ը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրին:
Այս համաձայնագրի ստորագրումով կամրագրվեն ՀՀ տարածքում տեղակայված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի» գործունեության պայմանները։
Վերջինս հիմնադրվել է «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան Հիմնարկը հայերենով իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ:
Միաժամանակ, ՌԴ հանրակրթական ծրագրերով Հիմնարկը ռուսերենով իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ հայերեն լեզվի պարտադիր դասավանդմամբ։
Առաջին դեպքում Հիմնարկ են ընդունվելու Հայաստանի քաղաքացիների, ՌԴ քաղաքացիների, այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները, իսկ երկրորդ դեպքում՝ Հայաստանի տարածքում բնակվող ՌԴ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները: