Mediahub. Տարբեր համարներից զանգում և արդեն իսկ վճարված վարկի դիմաց գումար են պահանջում․ խարդախության նոր մեխանիզմ
Խարդախության դեպքերը շարունակվում են։ Դրանով զբաղվողներն ամեն անգամ նոր մեխանիզմ են հորինում, սկսում իրենց գործը՝ թիրախի տակ վերցնում հատկապես այն մարդկանց, ովքեր խոցելի են։ MediaHub դիմած քաղաքացին Արցախից է։ Բռնի տեղահանությունից հետո, երբ պետական ծրագրով մարվել են արցախցիների վարկերը, ինքը ևս համարվել է շահառու, համենայնդեպս, բանկը նրան չի անհանգստացրել։ Սակայն, որոշ ժամանակ անց սկսվել են զանգերը։
«Երբ պահանջում են գումարը, միշտ զանգում են տարբեր հեռախոսահամարներից, այնուհետև Viber հավելվածի հեռախոսահամար են թողնում, որ վճարումից հետո կտրոնը նկարենք ուղարկենք։ Մի քանի անգամ հավատալով վճարումը կատարել ենք, բայց երբ փորձել ենք «չեկը» ուղարկել, տվյալ վայբերի համարն արդեն գոյություն չուներ։ Ու այդպես ամեն ամիս։ Ընդ որում մենք վճարումները կատարել ենք ոչ թե պայմանագրի համարով, այլ իրենց կողմից մեզ փոխանցված ծածկագրով»,- ասում է Անուշը։
Մեր զրուցակցի խոսքով՝ վարկառուն իր մայրն է։ Սկզբից հավատացել են, որ դա իրական է, սակայն, որոշ ժամանակ անց սկսվել են կասկածները։
«Երբ այլևս սկսեցի չմուծել, հերթական զանգով ասացի՝ չեմ վճարելու, թող ԴԱՀԿ-ն զբաղվի իմ հարցով։ Սկսեցին խրատներ տալ թե՝ «չե՞ք ուզում ձեր մայրիկի վարկը վճարել, հնարավորություն ենք տալիս մտածելու, մենք ցանկություն չունենք ձեզ դատարանի դռները գցել»։ Էս վերջում էլ թատրոն են կազմակերպել, զանգեցին իբր թե դատարանից է, էլի պահանջում էին «չեկերը», որ մեր մասին մտածում են, ես էլի չհավատացի»,- նշեց նա։
Անուշը զանգահարել է բանկ, սակայն վերջիններս ասել են, որ նման հեռախոսահամարներ իրենց մոտ գոյություն չունեն։ «Կասկած չունեմ, որ սա խարդախության հերթական դեպքն է, որի թիրախում դարձյալ մենք ենք»։
Մեկ այլ քաղաքացի՝ դարձյալ Արցախից զանգ է ստացել իրեն անծանոթ համարից։ Նաիրան պատմում է, որ աջակցության նպատակով խնդրել են Telegram հավելվածով փոխանցել իր քարտային ու անձնագրի տվյալները։
«Համոզիչ էին խոսում, դրա համար համաձայնվել եմ։ Մի քանի օրից հետո հեռախոսիս sms հաղորդագրություն եմ ստացել՝ «ելք հաշվից՝ 35 հազար դրամ», այսինքն, որքան եղել է հաշվեհամարիս, վերցրել են»,- ասաց նա։