Արամ Ղազարյանը շրջայց է իրականացնում Վանաձոր համայնքում
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, շրջայց է կատարում Վանաձոր համայնքում՝ դիտարկելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետական բյուջեով կապիտալ ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։
Լոռու մարզպետի առաջին կանգառը Վանաձորի Տարոն 2 թաղամասում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրով կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Բացի ճանապարհների նորոգումից, իրականացվում են նաև մայթերի վերակառուցման և սալիկապատման աշխատանքներ՝ 2.6 կմ երկարությամբ։
Ծրագրի արժեքը կազմում է 538 միլիոն դրամ, որից պետբյուջեի մասնաբաժինը կազմում է 242 մլն 100 հազար դրամ։
Ներկա պահին ընթանում են եզրաքարերի և հիմնային շերտի տեղադրման աշխատանքներ։ Ճանապարհի մի հատվածն արդեն մեկ շերտ ասֆալտապատվել է։
Արամ Ղազարյանն ընդհանուր առմամբ իր գոհունակությունն է հայտնել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, կարևորել է աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2025թ. մարտ ամսին։
Տարոն 2 թաղամասում մարզի ղեկավարը զրուցել է բնակիչների, ճանապարհին կից գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ, ընդգծել հիմնանորոգված ճանապարհների և բակերի քանդման, ճանապարհների երկայնքով և բակերում մեքենաների թափքերի տեղադրման, խանութների և վաճառքի կետերի դիմացի հատվածներում ապօրինի կերպով ապրանքների տեղադրման, շինարարական աղբի կուտակման, մայթերը, բակերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը բացառելու անհրաժեշտությունը:
Մարզի ղեկավարը ծանոթացել նաև նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներին։ Մասնավորապես՝ բնակիչները բարձրացրել են թաղամասի ջրամատակարարման գրաֆիկի շեղումների և էներգամատակարարման հաճախակի խաթարման խնդիրները։