ՏԿԵ նորանշանակ նախարարը ծանոթացել է Նոր Հաճնի կամրջի շինարարական աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 23–ին այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը,  Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են ընթացքի մեջ: Մասնավորապես ջրամեկուսացման և ներքին շերտի տեղադրման շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Շուտով կսկսվի ասֆալտբետոնի վերին շերտի տեղադրումը:

Նախարար Խուդաթյանը հստակ հանձնարարականներ է տվել շինարարներին, մասնավորապես կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ և շարժվել ըստ դրա: 

Մինչև կամրջով երթևեկության վերականգնումն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։