Շիրակի մարզպետն ու իրավասուները դիտարկել են տարբեր համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Անի համայնքում, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկցությամբ մարզպետը սկզբում եղել է Հայկաձոր, այնուհետև Սարակապ և Ջրափի բնակավայրերում։ Դիտարկվել են «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում և Սառնաղբյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները։
«Անի համայնքի Հայկաձոր և Սարակապ բնակավայրեր տանող ճանապարհի 1500մ հատվածի (յուրաքանչյուրը) ասֆալտապատում» ենթածրագրի կապալի պայմանագիրը կազմում է 281 մլն 814 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 656 մլն 733 հազար դրամ է, գումարի 45 տոկոսը Կառավարությունն է հատկացնելու։
Հայկաձորում հողային աշխատանքներն ավարտվել են, տեղադրվել է խճային շերտը, ասֆալտապատումը կիրականացվի հաջորդ տարի, Սարակապում ասֆալտապատման աշխատանքներն իրականացված են, ծրագիրն ավարտական փուլում է։
«Թե պետբյուջեից, թե համայնքային բյուջեից բավական միջոցներ են ուղղվել այս ծրագրերի իրականացման նպատակին, այս միջոցները պետք է նպատակային ծախսվեն, որևէ թերացում չպետք է լինի, ցանկացած շեղում և թերություն եթե անգամ լինի, ապա պետք է ամենասեղմ ժամկետում շտկվի»,- շինարարի և համայնքային պատասխանատուների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Մարզպետը պատասխանատուների հետ եղել է նաև Ջրափի բնակավայրում։ «Կառավարության 2021-2026 թթ.-ի ծրագրով ամրագրված 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի» շրջանակում Ջրափիում կկառուցվի նոր դպրոց, ընդհանուր առմամբ Անի համայնքի 3 բնակավայրերում՝ Ջրափիում, Շիրակավանում և Սառնաղբյուրում է նոր դպրոց կառուցվելու։
Շիրակում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 55 կրթական հաստատություններ կկառուցվեն ու կնորոգվեն, խոսքը 30 դպրոցի և 25 մանկապարտեզի մասին է։ Հիմնովին կառուցվելու է 13 կրթահամալիր և դպրոց։
Նույն օրը  Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում դիտարկվել են ավարտական փուլում գտնվող ճանապարհաշինական աշխատանքները։ Բայանդուրից Գյումրի հատվածի ասֆալտապատումն արդեն իրականացված է, մնում է վերջնական կահավորման ու գծանշման աշխատանքների իրականացումը։
Շիրակի մարզպետի աշխատակազմից հիշեցնում են, որ կառավարությունն օրերս գումար էր նախատեսել Հ-75/Հ-62/ -Իսահակյան -/-7/(Գյումրի) կմ60+ 200 - կմ67 + 330 և կմ70+ 800 - կմ73 + 593 /Բայանդուրից Գյումրի տանող 9,923 կմ/ հատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման նպատակին։ Ծրագրի ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 599 մլն 998 հազար դրամ։
Կապալառուն «Եվրոասֆալտ» ընկերությունն է։
Շինկազմակերպության պատասխանատուն մարզպետի հետ զրույցում հավաստիացրել է, որ արվում է հնարավորն աշխատանքները լիարժեք իրականացնելու, դրանցում թերացումները բացառելու համար։
Մարզպետը համայնքի ղեկավարի հետ այնուհետև եղել է Բայանդուրի մանկապարտեզում։ Նրանք շրջել են մանկապարտեզում, հետևել աշխատանքների ընթացքին։
Բնակավայրի մանկապարտեզը շահագործման է հանձնվել 3 ամիս առաջ։ 273 մլն 801 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 80 տոկոսը պետությունն է հատկացրել։ Երկու փուլով իրականացված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, ունի բոլոր հարմարությունները, կառուցվել է ապաստարան, բարեկարգվել է բակը։