Հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելու համար պետությունը կաջակցի մշակող արդյունաբերության ոլորտին. Արմենպրես

Հայաստանը 2022 թվականի հունվարից դուրս է եկել Եվրոպական միության արտոնյալ առևտրի ռեժիմից՝ GSP+ համակարգից, որը հնարավորություն էր տալիս Հայաստանում արտադրված ավելի քան 6000 ապրանքատեսակ արտահանել Եվրոպական միության երկրներ՝առանց մաքսատուրքի կամ նվազեցված մաքսատուրքով:  

«Արմենպրես»-ը նոր նախաձեռնության վերաբերյալ զրուցել է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ:  

« Հաշվի առնելով, որ կառավարության քաղաքականությունը միտված է նաև արտահանման դիվերսիֆիկացմանը՝ այս փուլում նախատեսվում է աջակցության այնպիսի գործիքների ներդրում, որոնք որոշակիորեն կկոմպենսացնեն այն բացասական արդյունքը, որն ի հայտ է եկել արտոնյալ մաքսատուրքերի չկիրառման պայմաններում: Որոշ գործիքներ կիրառելով՝ կփորձենք հայկական արտադրանքը դարձնել ավելի մրցունակ դեպի եվրոպական շուկա արտահանելու համար»,–ասաց Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը: 

Ըստ նրա՝ առաջին փուլում աջակցություն կտրամադրվի թիրախային համարվող ապրանքների արտահանման համար: Մշակող արդյունաբերության ոլորտի ոչ բոլոր արտադրանքներն են ներառվելու աջակցության շրջանակում: Արտահանման մեջ մեծ մասնաբաժին է ունեցել հանքահումքային արտադրանքը, այսինքն՝ տարբեր մետաղների խտանյութերը: Ըստ Եգանյանի՝  այս փուլում մետաղների խտանյութերի մասով աջակցություն չի լինի: 

Էկոնոմիկայի նախարարությունն արդեն e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:  

 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս օրեր առաջ Ազգային ժողովում ընդգծել էր, որ տեքստիլ ոլորտն իրապես խնդիրներ ունի՝ կապված GSP+ համակարգի հետ՝ ակնարկելով ոլորտին սպասվող աջակցության մասին:  

Էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչության պետ Արմինե Վարշամյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Մեզ հետ հանդիպումներում տնտեսավարողներն արտահանման համար որպես առաջին խոչընդոտ են նշում GSP+ արտոնյալ համակարգից դուրս գալն ու լոգիստիկ հարցերը: Այդ ազդակները ստանալով, խնդիրները բացահայտելով՝ կառավարությունն այսպիսի աջակցության ծրագիր է նախապատրաստել»,- մանրամասնեց պաշտոնյան:

Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես-ում