ՀՀ ԲՏԱ նախարարության և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։

Հանդիպմանը Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված,  որը զարգացնելու և ընդլայնելու հեռանկարներ ունի։

Կողմերն անդրադարձել են թվայնացման, լայնաշերտ կապի, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ուղղությամբ ՀԲ առաքելության գործունեությանը մեր տարածաշրջանում, ներառական տնտեսական աճին միտված ՀԲ կողմից իրականացվող աջակցությանը և ներդրումային ծրագրերին։

Քննարկվել է լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման օրակարգի շուրջ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։