Հավասար հարկային պայմաններ ստեղծելուց մինչև գների բարձրացման ռիսկ. Ալավերդյանը՝ հարկային համակարգի փոփոխության մասին

Մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելով՝ պետությունը նպատակ ունի նվազեցնել հարկվելուց խուսափելու ռիսկը, ստեղծել հավասար հարկային պայմաններ, որ փոքր տնտեսավարողներն իրենց մեծացումը չզսպեն, մեծերն էլ արհեստականորեն չտրոհվեն՝ տեղավորվելու ավելի հարմար հարկային համակարգում: Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը չի բացառում, որ սրան կարող է հետևել գների բարձրացում, բայց էական ծավալի գնաճ չի սպասում:

«Արմենպրես»-ն Ալավերդյանի հետ զրուցել է կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնության նպատակի, սպասվող արդյունքների, գների հնարավոր բարձրացման, տարբեր խմբերի բարձրաձայնած մտահոգությունների ու այլ հարցերի մասին: 

-Նախատեսվում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից, այսինքն՝ հատուկ հարկման համակարգից տեղափոխել ընդհանուր, այսինքն՝ ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ։  Նախագիծը ոչ միանշանակ է ընդունվել շահագրգիռ կողմերի, մասնագետների շրջանում: Հիմնական մտահոգությունն այն է, որ այսպիսով փոքր ու միջին ընկերությունների գործունեությունը չի խրախուսվում, և սա կխոչընդոտի նրանց զարգացմանը, իսկ մեծ բիզնեսները կշարունակեն նույն պայմաններում գործել: Հարկը փաստորեն շուրջ 6 անգամ բարձրանալու է, այս առումով դուք մտահոգվելու առիթ չեք տեսնո՞ւմ, մտավախություն չկա՞, որ ընկերություններ, բիզնեսներ կփակվեն:
-Հարկային բեռի բարձրացում, բնականաբար, տեղի կունենա: Փաստաբանական ծառայությունները տեղափոխվելու են հարկման ընդհանուր համակարգ: Փաստաբանները 2025-ի հունվարից վճարելու են ավելացված արժեքի հարկ և շահութահարկ: Հաշվի առնելով այն, որ իրենք 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխվում են հարկման ընդհանուր համակարգ,  որտեղ հարկային բեռն ավելի բարձր է, ապա, այո, հարկային բեռի ավելացում տեղի է ունենալու: Բայց համակարծիք չենք այն մտքի հետ, որ համատարած հարկային բեռի ավելացում է տեղի ունենալու, և լինելու է այնպիսի ավելացում, որ էական խոչընդոտներ է ստեղծելու կամ հանգեցնելու է բոլոր փոքր ու միջին ձեռնարկատիրական սուբյեկտների գործունեության դադարեցմանը: Նախ փաստաբանական ծառայությունների մասով գների փոփոխություն մենք շուկայում նկատել ենք մինչև օրենսդրական փոփոխությունները, և բացատրությունը, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը, դեռ չենք ստացել: Այսինքն՝ դա միանշանակ պետական գործունեության արդյունք չէ, այլ հիմնավորում ունի, հավանաբար՝ տնտեսական: Նաև տնտեսավարող սուբյեկտների մոտ մատուցվող ծառայությունների գները՝ անկախ նրանից, թե իրենք ինչ հարկման համակարգում են, կարծես թե, միմյանցից էականորեն չեն տարբերվում: Պայմանական, եթե կա ավելացված արժեքի հարկ վճարող փաստաբանական ծառայություն մատուցող ընկերություն և շրջանառության հարկ վճարող փաստաբանական ծառայություն մատուցող ընկերություն, երկուսն էլ նույն ծառայության համար առաջարկում են նույն գինը, ինչը նշանակում է, որ դա ավելացված արժեքի հարկ պարունակող գին է, որովհետև իրենց մրցակից ԱԱՀ վճարողը ևս այդ գինն է առաջարկում: Իսկ շրջանառության հարկ վճարողն, այդ գինը կամ մոտ գին առաջարկելով, ԱԱՀ չի վճարում: Ստացվում է, որ իր առաջարկած գնի մեջ կա ԱԱՀ, բայց դրա գումարը պետական բյուջե չի վճարվում: Երբ շրջանառության հարկ վճարողն ու ԱԱՀ վճարողն առաջարկում են պայմանական 100 միավոր գին, և ասում ենք, որ հարկման համակարգի փոփոխությունը բերելու է գների փոփոխության, ինձ մոտ շատ պարզ հարց է առաջանում՝ իսկ այդ գներն ինչո՞ւ հակառակ ուղղությամբ փոփոխված չեն, երբ հարկային համակարգը տարբեր է՝ ի օգուտ շրջանառության հարկ վճարողների:  

Այո, համեմատած շրջանառության հարկի դրույքաչափի, հարկային բեռի բարձրացում լինելու է, բայց ոչ այնքան ահռելի, որի մասին խոսվում է:  

-Փորձը ցույց է տալիս, որ հարկերի բարձրացման բեռը բիզնեսները վերջում թողնում են սպառողների ուսերին, այսինքն՝ գնում են ապրանքների, ծառայությունների գների բարձրացման: Կա՞ն հաշվարկներ, թե այս նախագծի ընդունումը գնաճի վրա երկարաժամկետ կտրվածքում ինչ ազդեցություն կարող է ունենալ:
-Ճիշտ եք, այլ հավասար պայմաններում ենթադրվում է, որ անուղղակի հարկերի գծով բեռի վերանայումը հանգեցնում է ծառայության, ապրանքի գնի վերանայման: Երբ տեղի է ունենում հարկային բեռի բարձրացում, բնականաբար, հարկ վճարողներն իրենց շահույթից մեծ հաճույքով չեն հրաժարվում, ձգտում են դրանք ամեն գնով տեղափոխել սպառողի վրա: Բայց սա բացարձակ ճշմարտություն չէ: Այնպես չէ, որ տնտեսության մեջ բոլոր դեպքերում նույն վարքագիծը ցուցաբերվում է: Փորձը դա է ցույց տալիս: Հաճախ ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը նույն կերպ նույն չափով գների բարձրացման չի հանգեցնում շուկայում: Ինչ-որ մի մակարդակում տնտեսավարողները սկսում են նաև որոշակի առումով իրենց շահույթի հաշվին ֆինանսավորել գինը՝ օրինակ ավելացվող ակցիզային հարկը: Այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտը տեսնում է, որ իր կողմից վաճառվող ապրանքն այդ գնի պայմաններում մրցունակ չէ շուկայում, ինչ-որ առումով գինը պահում է ոչ այն մակարդակին, որն ակնկալվում էր, և մյուս տնտեսավարողներն էլ սկսում են նույն կերպ շարժվել, տեսնում են, որ շուկայում կա իրենց ապրանքից ավելի էժան ապրանք, սկսում են բալանսավորել: Հետևաբար, շուկան «անտեսանելի ձեռքի ուժով» սկսում է իրեն կարգավորել:  Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գների բարձրացում, այդուհանդերձ կար, բացի այդ, ըստ էության, բոլորը ավելացված արժեքի հարկ գանձում են, սպառողից վերցնում են՝ մենք ակնկալում ենք, որ հարկման համակարգի փոփոխության արդյունքում շուկայում գների մրցակցության արդյունքում իմ նկարագրած երևույթն անխուսափելիորեն տեղի է ունենալու: Սակայն դժվար է կանխատեսել, թե գինը որ կետում կկանգնի: Հաստատակամորեն կարելի է ասել, որ շուկայում գների էական բարձրացում՝ օրինակ 35, 45 տոկոսի չափով փոփոխություն, տեղի չի ունենալու: Բայց որոշակիորեն հնարավոր է, որ տեղի ունենա: 

-Այսպիսով, ըստ Ձեզ՝ գնաճ կլինի, բայց ոչ շատ մե՞ծ:
-Այո, ոչ այն կարգի, որ մենք ունենանք որոշ շրջանակների կողմից կանխատեսվող երևույթներ, որ հարկ վճարողները կդադարեցնեն իրենց գործունեությունը, կփակվեն, չեն մատուցի ծառայություններ: Ես չեմ բացառում, որ, միգուցե, այս ամենի արդյունքում մրցակցությունը սրվի, և դա նորմալ է, որ սրվի: Հիմա հակառակն է տեղի ունենում, ի օգուտ շրջանառության հարկ վճարողի՝ ստեղծված է մի իրավիճակ, որ մի դեպքում այդ տնտեսավարողները չեն ուզում մեծանալ՝ ստվերում մնալով, շրջանառություն թաքցնելով, մյուս դեպքում մեծերը բաժանվելով գալիս, մրցում են փոքրերի հետ: Այսինքն՝ հարկման ռեժիմ ընտրելու մրցակցության առումով երկկողմանի խեղված իրավիճակ ունենք, որը բերել է այսօրվա ստեղծված իրավիճակին, երբ շրջանառության հարկի համակարգում են աշխատում մեծերի մոտ նախկինում աշխատանք կատարած սուբյեկտներ, անձինք, որոնք առանձնացնել են մեծերից ու նախկին հաճախորդներին ծառայություններ են մատուցում՝ որպես անհատ ձեռնարկատեր:  

Ամբողջությամբ՝ armenpress.am