«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի նվիրաբերության պայմանագրերի հիման վրա
Կառավարությունը հաստատել է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը:
Այս որոշումը պայմանավորված է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվողստարտափներին ուղիղ դրամաշնորհ հատկացնելու անհրաժեշտությամբ:
«Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:
Ծրագիրն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից հիմնականը շահառուների սփյուռքից լինելու հանգամանքն է, ինչն էլ որոշակի խնդիրներ է ստեղծում Ծրագրի արդյունավետ իրականացման համար, որովհետև տարբեր երկրներում և տարատեսակ սոցիալական, տնտեսական, մշակութային միջավայրերում ապրող մեր հայրենակիցները շատ դեպքերում անհաղորդ են հայաստանյան իրականությանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ այդ պատկերացումները փաստազուրկ են և խեղաթյուրված:
Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ Ծրագրի իրականացման շրջանակում մասնակիցների համար առաջանում էին մի շարք խնդիրներ՝ կապված ներպետական ընթացակարգերի հետ, մասնավորապես՝ARMEPS էլեկտրոնային համակարգի միջոցով հայտ ներկայացնելու համար ոչ բավարար հմտություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաև ՀՀ ոլորտային օրենսդրությանից ու ընթացակարգերից անտեղյակությունը:
Իրավակիրառ պրակտիկայում առաջ էր գալիս խնդրահարույց իրավիճակներ, միջգերատեսչական մակարդակում անհրաժեշտ էր լինում ծրագրի բացառիկության հետ կապված ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ կամ ծրագիրն իրականացնել ոչ Նախարարության ռեսուրսներով:
Նմանատիպ իրավիճակներից զերծ մնալու նպատակով ձեռնարկվել են աշխատանքներ՝ Ծրագրի իրականացման համապարփակ Կարգի մշակման ուղղությամբ, որով առաջարկվում է ինչպես սահմանել Ծրագրի իրականացման ընթացակարգը, այնպես էլ թույլատրել լիազոր մարմնին մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված ստարտափներին տրամադրել աջակցություն՝ նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
Կարգի ընդունման արդյունքում կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը: