Ներկայացվել են մրցակցության ոլորտի իրադարձությունները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Սամարղանդում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 57-րդ նիստին:

Հանձնաժողովից հայտնում են, որ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:

Իր խոսքում նա շեշտադրել է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով օրենդրական բարեփոխումների փաթեթի մշակումը, որով առաջարկվող  առանցքային փոփոխություններից է ՄՊՀ-ին սպառողների հավաքական շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորությունների վերապահումը:

Անդրադարձ է կատարվել նաև Հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկայից ուշագրավ օրինակների՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և այլ դրսևորումներով:

Խորհրդի նիստին նախորդել է Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստը, որի շրջանակում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր: