Քաղաքի շինհրապարակներում կանոնները համատարած չեն պահպանվում. Ավինյան

Հաշվետու ապօրինի շինությունների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ կազմվել է ընդհանուր թվով 43 արձանագրություն, որից թվով 12-ը կազմվել է քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության կողմից, թվով 24-ը հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից: Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը նշել է, որ թվով 7 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից, նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 24-ով: Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 86 արձանագրություն։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես ակնկալում եմ նախագիծ, որով պետք է հստակեցվեր շինարարության հրապարակների համար սահմանված պայմանները, մասնավորապես փոշեկլանիչ ցանցերի վերաբերյալ: Ակնկալում եմ, որ այդ նախագիծը գալիք դեկտեմբեր ամսվա նիստում մենք պետք է ընդունենք:

Երկրորդը շատ տարօրինակ թիվ է վարչական շրջանների կողմից արձանագրված 11 արձանագրությունը: Կարծում եմ՝ շատ այդպես անլուրջ թիվ է, և երբ որ քաղաքով քշում ես, տեսնում ես համատարած որևէ մեկը մեր ներդրած քաղաքականությունը չի պահպանում, շատ քչերն են պահպանում։

Ակնկալում եմ, որ վարչական շրջանները այս թվի վրա պետք է աշխատեն։  Դեկտեմբերի վերջին ավագանու նիստով ակնկալում եմ, որ այս փոփոխությունները մենք պետք է ընդունենք»: