SPUTNIK. Թե՛ ծախսերը, թե՛ եկամուտները թերակատարվել են. տնտեսագետը` 2024-ի ՀՀ բյուջեի կատարման մասին

2024 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի տվյալների համաձայն թե՛ ծախսերը, թե՛ եկամուտները թերակատարվել են։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը։
Տնտեսագետը դա պայմանավորում է գործող իշխանությունների կառավարման ցածր մակարդակով։ Ըստ նրա` հաշվի չի առնվել ՀՀ տնտեսության վրա ռուս–ուկրաինական հակամարտության, ըստ էության, դրական, բարենպաստ ազդեցությունը։ Խոսքը հիմնականում վերարտահանման մասին է, որն աստիճանաբար նվազում է։
«Երբ ակնհայտ է արդեն, որ վերարտահանումը նվազում է, իշխանությունները պետք է մեր տնտեսությունը զարգացնեն` հենվելով սեփական պոտենցիալի վրա։ Այս դեպքում պետությունը պետք է տնտեսությանն օգնության ձեռք մեկնի` իրականացնելով արդյունավետ միջոցառումներ։ Այս պահին նման միջոցառումներ ընդհանրապես տեսանելի չեն»,– ասաց Ղարիբյանը։
Նրա ներկայացրած տվյալների հիման վրա` այս տարվա 9 ամիսների տվյալներով` հարկային եկամուտները թերակատարվել են 7.8 տոկոսով կամ 150 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ ցածր մուտքերով։
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք թերակատարվել են 13 տոկոսով կամ 290 մլրդ դրամով։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարումը ավելի քան 3.2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը։
Տնտեսագետը նշեց, որ թերակատարումների բարձր մակարդակ կա նաև գերատեսչություններում։ Օրինակ` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի նախարարություններում ու քաղաքաշինության կոմիտեում կա 69 տոկոսի հասնող, բյուջեով նախատեսված ծրագրերի թերակատարում։
Նյութն ամբողջությամբ՝ Sputnik