2024-ին ավելի քան 9000 էլեկտրամոբիլ է ներկրվել

 2024 թվականին Հայաստան է ներկրվել էլեկտրական շարժիչով 9 248 ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նշվում է, որ ըստ ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի` հունվարի 1-ից նոյեմբերի 26–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է  ներմուծվել (հայտարարագրվել) 29 763 հատ մարդատար տրանսպորտային միջոց։
Ներմուծվել են հիմնականում CHEVROLET, VOLT, TESLA, HONDA, VOLKSWAGEN, BYD մակնիշների ավտոմեքենաներ։
Հիշեցնենք` վերջին տարիներին Հայաստանում զգալի ավելացել է էլեկտրական ավտոմեքենաների թիվը։ Դրան մեծապես նպաստել է ԵԱՏՄ-ից էլեկտրական ավտոմեքենաների անմաքս ներմուծման քվոտաների հատկացումը։
ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։ Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ տարվա համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։
Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ այս տարի այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։
Հաջորդ տարի Հայաստանին կհատկացվի ևս 8000 քվոտա։