Տեխնոլոգիաների ոլորտում նոր սկանդալ է հասունանում
Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ պահանջելով կասեցնել ընկերության առևտրային կազմակերպություն դառնալու գործընթացը։ Նրա փաստաբանները պնդում են, որ OpenAI-ի հիմնադիրներ Սեմ Ալթմանը և Գրեգ Բրոքմանը խախտել են ընկերության սկզբնական առաքելությունը՝ «աշխատել հանուն մարդկության բարօրության»։ Հայցում նշվում է, որ ընկերությունը որդեգրել է հակամրցակցային գործելաոճ՝ ներդրողներին համոզելով չաջակցել մրցակիցներին և Microsoft-ի հետ համագործակցությունից ստանալով առևտրային գաղտնի տվյալներ։
OpenAI-ն պահանջում է մերժել Մասկի հայցը՝ պնդելով, որ նա չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհաստատեին, որ ընկերությունը պարտավոր էր հրաժարվել առևտրայնացումից կամ որ դրա գործունեությունը հակասում է օրենսդրությանը։ Ներկայումս OpenAI-ն քննարկում է «հանրօգուտ առևտրային կորպորացիա» դառնալու հնարավորությունը։ Այս մոդելը, որը գործում է ԱՄՆ-ում, նախատեսում է, որ նմանատիպ կազմակերպությունները որոշումներ կայացնելիս հաշվի առնեն ոչ միայն ֆինանսական շահերը, այլև հասարակական և բնապահպանական գործոնները։