ՏԿԵ նախարարը մասնակցել է Սոթքի բնակիչներին բնակարանների տրամադրման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքապետերի հետ Ճամբարակում հետևել են իրականացվող հենապատերի ամրացման աշխատանքների ընթացքին։
Այնուհետև այցելել են Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, որտեղ մասնակցել են 2022 թվականի սեպտեմբերին  Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով ավիրված և ամբողջությամբ նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը:
Բնակարանների բանալիները հանձնելով սեփականատերերին՝ նախարարը մաղթել է, որ այսուհետ ապրեն ու աշխատեն բացառապես խաղաղ միջավայրում: 
Թվով 4 բնակելի տները կառուցվել են ՀՀ Կառավարության հրատապ ծրագրով՝ 124 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: 
Նախարարը շրջել է բնակավայրում, այցելել կառուցված հարմարավետ տներ, շնորհավորել բնակիչներին: 
Գեղարքունիքի մարզում Խուդաթյանն այցելել է նաև Վարդենիսի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որտեղ մեծ թվով ծառայություններ են մատուցվում բնակիչներին՝ մեկ պատուհանի սկզբունքով: