Կառուցապատման առաջնային շուկայում սպասվում է վաճառքի տեմպերի էական անկում. Վահե Պետրոսյան

Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ 2025 թվականին անշարժ գույքի շուկայում կունենանք պահանջարկի էական անկում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ժողովի ժամանակ նշեց ասոցիացիայի խորհրդի անդամ, «ArtCompany» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը:

Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ քանի որ 2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը դադարում էր, ապա բոլոր այն մարդիկ, որոնք պլանավորում էին 2025-ին, 2026-ին, 2027-ին տուն գնել, այդ գնումը տեղափոխել են 2024 թվականի վերջին կիսամյակ։ «Հիմա էլ նկատվում է շուկայում կտրուկ աժոտաժ, նոտարների մոտ հերթեր, բանկերի մոտ լցված վիճակ է, չեն հասցնում հիպոթեքները հաստատեն:

Ավտոմատ մենք պետք է սկսենք մտածել արդեն 2025 թվականի վաճառքների մասին, և եթե վաճառքները սկսեն անկում ապրել, հնարավոր է այն կառուցապատողները, ում մոտ ֆինանսական ցուցանիշները այդքան էլ առողջ չեն, սկսեն ունենալ խնդիրներ։ Այդ կապակցությամբ մենք տարբեր հարթակներում մեր մտահոգությունները հնչեցրել ենք, և կոչ ենք արել մտածել այլընտրանքային մեխանիզմերի կիրառման գործիքակազմի մասին: Կարող է արդեն անգամ ուշացել ենք»,-ասաց նա:

Պետրոսյանը որպես նման գործիք համարեց ռենովացիայի ֆոնդի ստեղծումը, քաղաքացիություն գույքի դիմաց մեխանիզմների կիրառումը, ինչը լայն տարածված է ԵՄ երկրներում։

«Մենք մտնում ենք տուրբուլենտ ժամանակաշրջան, կապված արդեն աշխարհաքաղաքական վիճակի հետ: Այդ վիճակն ազդում է քաղաքաշինության ներդրումային միջավայրի վրա: Մենք նկատում ենք օտարերկրյա ներդրումներ իրականացնող սուբյեկտների պատրաստակամության նվազումներ։

Պահանջարկի դեֆիցիտ եկող տարիներին, հատկապես 2025-ին և աշխարհաքաղաքական ոչ հանգիստ միջավայրը մեզ ստիպում է մտածել, որ կարող ենք ունենալ հատկապես առաջնային կառուցապատման շուկայում վաճառքի տեմպերի էական անկում»,- ընդգծեց նա: