ՊԵԿ-ը թվային դրոշմավորման վերաբերյալ հարց ու պատասխան է ներկայացրել

ՊԵԿ-ը ներկայացրել է թվային դրոշմավորման վերաբերյալ հարց ու պատասխան․
Ի՞նչ է թվային դրոշմավորումը
Թվային դրոշմավորումը ապրանքի վրա  նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագիր փակցնելն է։ Դատա մատրիքսը հատուկ երկչափ ծածկագիր է, որը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ: Այս ծածկագիրը անհատական է յուրաքանչյուր ապրանքի համար և պարունակում է տեղեկատվություն ապրանքի տարբեր հատկանիշների վերաբերյալ՝ ծագման երկրի, արտադրողի կամ ներմուծողի, հիմնական բնութագրերի, տեղաշարժի և այլնի մասին:
Ո՞ր ապրանքներն են ենթակա դրոշմավորման
ՀՀ տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմավորումը  պարտադիր է Հայաստանում արտադրված կամ Հայաստան ներմուծված այն ապրանքների համար, որոնք ներառված են դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։
Արդյո՞ք նույնականացման նշաններով դրոշմավորումը պարտադիր է անմաքս առևտրի խանութների դեպքում
Ոչ, անմաքս առևտրի խանութներում վաճառքի ենթակա ապրանքները չունեն թվային դրոշմավորման պարտավորություն։
Ո՞ր ապրանքների վրա է պարտադիր կիրառվում և որո՞նց համար է նախատեսվում թվային դրոշմավորումը
2023 թվականից Հայաստանում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային արտադրանքը և փաթեթավորված խմելու ջուրը։ Այժմ ընթանում են կաթնամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկա և հիգիենայի միջոցներ, օճառներ, լվացող և մաքրող միջոցներ, գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքների, մակարոնեղենի, կենդանական և բուսական յուղերի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, պահածոյացված մթերքի, թեյի և սուրճի, դեղորայքի, ծովամթերքի, մսամթերքի և կենդանական էքստրակտներ, կենդանիների պատվաստանյութի,  վիտամինների, ներկանյութերի և լաքերի, քսայուղերի և այլ յուղերը, օծանելիքի և հարդաջրի և կենդանիների կերի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը։
Ո՞վ պետք է իրականացնի ապրանքի դրոշմավորումը
Ապրանքի դրոշմավորումն իրականացնում է ներմուծող կամ արտադրող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ վաճառքից առաջ ապրանքի վրա՝ առավել տեսանելի տեղում՝ փակցնելով կամ տպագրելով Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագիրը։
Ինչո՞ւ ապրանքները պետք է ունենան թվային դրոշմավորում
Տնտեսվարողը, փակցնելով թվային ծածկագիրը ապրանքի վրա և փոխելով Е-mark համակարգում ապրանքի կարգավիճակները, ապահովում է ապրանքների հետագծելիությունը և հնարավորություն տալիս վերահսկել շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանք։ Արդյունքում՝ ստեղծվում են հավասար պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, կանխվում է կեղծ և անորակ ապրանքների վաճառքը, նվազում է ստվերային տնտեսությունը, պաշտպանվում են սպառողների իրավունքները։ 
Ինչպե՞ս օգտվել E-mark բջջային հավելվածից
Մանրածախ վաճառքի կետում ապրանքը գնելիս՝ սպառողը կարող է E-mark բջջային հավելվածի միջոցով սկանավորել Դատա մատրիքս ծածկագիրը և ստուգել ապրանքի վերաբերյալ տարբեր տվյալները։ Հավելվածը հասանելի է IOS և Android համակարգերի օգտատերերի համար.
Ինչպե՞ս սկսել դրոշմավորման գործընթացը
Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է գրանցվեն ազգային օպերատորի համակարգում հետևյալ  քայլերով.
  • գրանցվել ազգային օպերատորի e-Mark համակարգում՝ ներկայացնելով գրանցման դիմում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով),
  • կնքել պայմանագիր,
  • ստանալ համակարգից օգտվելու համար մուտքանուն և գաղտնաբառ,
  • գրանցել համապատասխան աշխատակիցներ համակարգից օգտվելու համար,
  • ձեռք բերել ծածկագրեր։
Ինչպե՞ս պատվիրել ծածկագիր դրոշմավորման համակարգում
Դրոշմավորման համար անհրաժեշտ Դատա մատրիքս թվային ծածկագիրը e-Mark համակարգից հնարավոր է պատվիրել  էլեկտրոնային եղանակով՝ 24/7 ռեժիմով։
Ի՞նչ տեսակի փաթեթավորման համար է տրամադրվում ծածկագիրը
Դրոշմավորման e-Mark hամակարգը տրամադրում է սպառողական փաթեթավորման (նախատեսված՝ յուրաքանչյուր հատ ապրանքի համար), խմբային փաթեթավորման (նախատեսված՝ արկղի կամ բլոկի համար) և հավաքածուի համար նախատեսված Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրեր: 
Ի՞նչ է փորձնական ծրագիրը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ
Նախքան պարտադիր դրոշմավորմանն անցում կատարելը` յուրաքանչյուր ապրանքախմբի համար իրականացվում է նույնականացման միջոցներով  դրոշմավորման փորձնական ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս ոլորտի ներկայացուցիչներին մինչև պարտադիր դրոշմավորմանն անցնելը մանրամասն ծանոթանալ գործընթացին, պարզաբանել առաջացած խնդիրները  և տեխնիկապես պատրաստվել դրոշմավորմանը: Մասնավորապես, իրականացնել ծածկագրերի տպագրության կազմակերպում, անհրաժեշտության դեպքում դրամարկղային ծրագրային թարմացում, դրոշմավորման համակարգից օգտվող անձնակազմի վերապատրաստում  և այլն:
Փորձնական փուլի ընթացքում տնտեսվարողը կարո՞ղ է փակցնել միայն Դատա մատրիքս ծածկագիրը
Ոչ, փորձնական փուլի ընթացքում, դրոշմապիտակի առկայությունը ապրանքի վրա պարտադիր է։
Արդյո՞ք պարտադիր է դրոշմավորման փորձնական փուլում սկանավորել ապրանքի Դատա մատրիքս ծածկագիրը
Փորձնական ծրագրի ընթացքում հետագծելիության ամբողջականությունն ապահովելու համար ցանկալի է մանրածախ վաճառքի կետերում ապրանքի ծածկագիրը սկանավորել երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաններներով և այդ եղանակով ապրանքը դուրս բերել շրջանառությունից։ 
Ի՞նչ պարտավորություն ունեն վաճառքի կետերը դրոշմավորված ապրանքը վաճառելու դեպքում
Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքները վաճառելու համար վաճառքի կետերը պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաներներով, որն անհրաժեշտ է համակցել մանրածախ վաճառքի կետի առևտրային ծրագրի կամ ՀԴՄ սարքի հետ։ Իսկ վաճառքի ժամանակ պետք է սկանավորել ապրանքի ծածկագիրը, որի տվյալը ՀԴՄ տվյալների հետ միասին կփոխանցվի ՊԵԿ տեղեկատվական շտեմարան և համակարգին կտեղեկացվի ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին: Ընդ որում, եթե ապրանքները վաճառվում են խմբային փաթեթավորմամբ (արկղով կամ բլոկով), ապա պետք է սկանավորել խմբային փաթեթավորման համար նախատեսված ծածկագիրը, իսկ դրա բացաայության դեպքում՝ խմբային փաթեթավորման մեջ առկա յուրաքանչյուր ապրանքի ծածկագիրը։
Ո՞վ է կրում պատասխանատվություն, եթե մանրածախ վաճառքի կետը չի սկանավորում ապրանքը
Դրոշմավորված ապրանքի վաճառքի ժամանակ Դատա մատրիքս ծածկագիրը չսկանավորելը դիտվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում և պատասխանատվությունը կրում է մանրածախ վաճառքի կետը: 
Ինչպե՞ս վերականգնել վնասված ծածկագիրը
Եթե թվային ծածկագիրը վնասվում է, ապա այն հնարավոր է նորից տպագրել և փակցնել դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։
Ե՞րբ պետք է դրոշմավորել ներմուծված ապրանքները
Ներմուծված ապրանքները պետք է դրոշմավորել մինչև ապրանքը ՀՀ տարածք ներմուծելը։ Դրոշմավորումը կարող է իրականացվել նաև «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող պահեստում։
Արդյո՞ք առանց փաթեթավորման վաճառվող ապրանքները ենթակա են դրոշմավորման 
Այն ապրանքները, որոնք վաճառվում են առանց փաթեթավորման, օրինակ կշռվում են վաճառքի պահին կամ ապրանքի նոր կերպ տարայավորումը, փաթեթավորումը, շշալցումը կատարվում է վաճառքի պահին, ապա այդ ապրանքատեսակները ենթակա չեն դրոշմավորման։ Այս ապրանքների շարքին են դասվում մսամթերքը, լցնովի պաղպաղակը և նմանատիպ այլ ապրանքներ։ 
Արդյո՞ք Դատա մատրիքս ծածկագիրն ամբողջովին փոխարինելու է ակցիզային դրոշմանիշին կամ դրոշմապիտակին 
Այո՛, ակցիզային դրոշմանիշը կամ դրոշմապիտակը ապագայում դուրս է գալու շրջանառությունից, և վերահսկողությունն իրականացվելու է միայն Դատա մատրիքս թվային ծածկագրով։
Պարտադիր դրոշմավորման ժամանակ տնտեսվարողը կարո՞ղ է օգտագործել մնացորդ դրոշմապիտակները
Մինչև յուրաքանչյուր ապրանքատեսակի համար պարտադիր դրոշմավորման ժամկետները ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակները կարող են կիրառվել տնտեսվարողների կողմից։|