Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառության հարկի համակարգում փոփոխություններին

Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում՝ թալանվածը և թալանվողը ետ բերելու: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ խնդրանքով բարձրացվող հարցերի շարքում քաղաքացիները բավականին շատ անդրադարձ ունեն շրջանառության հարկի հետ կապված փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտնում հունվարի մեկից Կան մեկնաբանություններ, թե մենք սրանով ճնշում ենք փոքր բիզնեսին, բայց պետք է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում:

Գործող օրենսդրությամբ ասվում է, որ առևտրի կետերը  որպես հարկ պետք է վճարեն իրենց շրջանառության 5%-ը, եթե իրենց կողմից վաճառվող ապրանքները փաստաթղթավորված չեն, այսինքն եթե որևէ ապրանք վաճառում են, չեն գրել, թե որտեղից են ձեռք բերել, իսկ եթե ցույց են տալիս, թե որտեղից են ձեռք բերել, այդ դեպքում հարկերը կարող են նվազեցվել և հասնել 1.5 տոկոսի:

Սկզբունքորեն այս կարգավորումը խնդիր ունի իր մեջ, որովհետև անցյալում թվում էր, թե մենք մարդուն հնարավորություն ենք տալիս օրինական ստվերային շրջանառություն ապահովել: Մենք պետք է փոխենք այս քաղաքականությունը, դա անտրամաբանական է և ապապետական է, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ երկար տարիներ տեղի ունեցող պրոցեսը մի քայլով չենք կարող ամբողջությամբ հետ պտտտել:

Դա համար ասում ենք, որ եթե փաստաթղթավորված չի ձեռք բերվող ապրանքը, այդ դեպքում պետք է վճարել 10% հարկ, իսկ եթե փաստաթղթավորված է, ընդհակառակը հարկը մի բան էլ նվազում է և 1,5  տոկոսից դառնում է 1%: Այսինքն իրականում օրինական աշխատող առևտրի կետի համար հարկը նվազում է 0։5%-ով»,- հայտարարել է նա: Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում