ՀԲ-ի նոր զեկույցի համաձայն՝ ավելի արդար հարկերն ու կրթության ոլորտում ավելի արդյունավետ ծախսերը կխթանեն Հայաստանի աճը

Երևանում կայացավ Համաշխարհային բանկի (ՀԲ) «Պետական ֆինանսների երկրորդ ուսումնասիրության» զեկույցի շնորհանդեսը: Ըստ Համաշխարհային բանկի նոր ուսումնասիրության ՝ ավելի արդար հարկերը և կրթության որակի ու ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումներ կատարելը կարող են Հայաստանին օգնել իր եկամտային, կրթական ու կայուն զարգացման թիրախներին հասնելու գործում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սույն զեկույցը «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքի երկրորդ աշխատությունն  է, որը վերլուծում է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության տարբեր բաղադրիչների արդյունավետությունը և օպտիմալությունը: 

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատն իր ելույթում նշեց, որ անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը գովելի առաջընթաց է գրանցել երկրի հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու հարցում, որը հնարավորություն է ապահովում ծախսային հատկացումների ավելացման համար: 

Թեև Հայաստանը վերջին տարիներին բարելավել է հարկերի հավաքագրումը, և հարկ-ՀՆԱ գործակիցը 2021-2023թթ. միջինում հասել է 24%-ի, այն դեռևս չի հասնում  Կառավարության ծրագրում (2021-2026) նշված 25% թիրախին: 

Այս թիրախին հասնելու համար առաջարկվում է ընդլայնել ընդհանուր հարկային ռեժիմը, որպեսզի ավելի մեծ թվով բիզնեսներ համանման կերպով հարկվեն։ Ուսումնասիրությամբ առաջարկվում է նեղացնել շրջանառության հարկի ռեժիմի ծածկույթը և թույլ չտալ առանձին ոլորտներին հարկային արտոնություններ կամ հատուկ հարկեր ստանալ: Խորհուրդ է տրվում արդիականացնել միջազգային հարկային կանոնները՝ դրանք լիովին կիրառելի դարձնելով թվային տնտեսության համար: 

Զեկույցում նաև առաջարկվում է նախատեսել հարկային նվազեցումներ և այլ միջոցներ ցածր եկամուտ ունեցողների համար, ովքեր բարձր ծախսեր են կրում իրենց եկամուտների մասով: Զեկույցը հավելում է, որ թեև Հայաստանում ներդրված են բնապահպանական հարկեր և վառելիքի ակցիզային հարկեր, դրանք տարածաշրջանային չափանիշներից ցածր են և միայն մասամբ են արտացոլում առողջության, կլիմայի և շրջակա միջավայրի վրա ածխաջրածնի օգտագործման ազդեցությունը և բավարար խթաններ չեն ապահովում դեպի ավելի կանաչ և կայուն աճի մոդելի անցման համար: «Ցածր ածխածնային տնտեսություն դառնալու իր նպատակին հասնելու համար Հայաստանը կարող է ածխածնի հստակ (ուղղակի) գին սահմանել՝ վերին օղակում հարկի միջոցով (օրինակ` գանձելով դա Հայաստան բնական գազ և նավթամթերք ներկրողների համար) և բարձրացնել հանածո վառելիքի գործող ակցիզային հարկը»,-ասվում է զեկույցում։

Զեկույցում նաև ընդգծվում է, որ չնայած հանրակրթության ոլորտում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և ընդհանուր բարելավումներին` Հայաստանը դեռևս մարտահրավերների է առերեսվում ուսման որակի, նախադպրոցական և բարձրագույն կրթության հասանելիության, ինչպես նաև ֆինանսավորման անարդյունավետության ու որակի առումներով: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ