«Yerevan International Hospitality Forum 2024»ը՝ զբոսաշրջային ներուժի քննարկման հարթակ

Երևանում մեկնարկել է «Yerevan International Hospitality Forum 2024»-ը, որը համախմբել է միջազգային փորձագետներին, ներդրողներին և ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու Հայաստանի հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտների աճող ներուժը։ Ինչպես հայտնում են «Էնթերփրայզ Արմենիա»-ից, համաժողովի շրջանակում «Հայաստանի հյուրանոցային շուկան. հիմնական մարտահրավերներն ու զարգացման ուղիները» պանելային քննարկման ընթացքում որպես խոսնակ հանդես եկավ «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ Նա ներկայացրեց ներդրումների աջակցման կենտրոնի` «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից մատուցվող ծառայությունները՝ նշելով վիճակագրական տվյալներ.
«Մեր գործունեության ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք հյուրընկալության ոլորտի տեղական և օտարերկրյա բազմաթիվ ընկերությունների հետ, իսկ հետներդրումային սպասարկման շրջանակում աշխատել 14 օտարերկրյա կապիտալով և միջազգային բրենդ հանդիսացող ընկերությունների հետ` նպաստելով Հայաստանում նրանց սահուն գործունեությանը։ Նշված 14 ընկերությունները Հայաստանում ստեղծել են շուրջ 1000 աշխատատեղ։ Մեր գործունեության արդյունքում զբոսաշրջության ոլորտում մեկնարկել է 10 ներդրումային ծրագիր, որի նախատեսվող ներդրման ծավալը կազմում է մոտ 520 միլիոն ԱՄՆ դոլար։ Ներկայումս մենք ուղեկցում ենք ոլորտի շուրջ 20 ներդրումային ծրագիր»:
Պանելային քննարկումից առաջ «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդումների խթանման մենեջեր Աննա Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային գրավչության մասին շնորհանդեսով` ընդգծելով Հայաստանի եզակի հնարավորությունները՝ ռազմավարական դիրքից և հարուստ մշակութային ժառանգությունից մինչև պետական աջակցություն և դինամիկ բիզնես էկոհամակարգ։