ՀՀ կառավարությունը 519 միլիոն 668,4 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել պետաբյուջեից Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագրի համար 519 միլիոն 668,4 հազար դրամ հատկացնելու մասին։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության  տեղեկատվության համաձայն՝  132 միլիոն 732  հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման համար։ Աշխատանքներն արդեն  ավարտված են, ասֆալտապատվել է 3,3 կմ հատված։ 

111 միլիոն 456,2  հազար դրամ հատկացվել է  Վարդենիս համայնքի Նորաբակ և Փոքր Մասրիկ բնակավայրերում ոռոգման ջրագծերի կառուցման կամ վերակառուցման համար։ Աշխատանքներն ավարտված են, ծրագիրն իրականացվել է 1,9 կմ հատվածում։ 

206 միլիոն 387 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Վարդենիկ, Զոլաքար, Վաղաշեն, Երանոս և Վարդաձոր բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման համար։ Աշխատանքներն իրականացվել են շուրջ 90 տոկոսով՝ 4 կմ հատվածում։ 

69 միլիոն 093,2 հազար դրամ հատկացվել է  Ճամբարակ համայնքի թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների համար։ Աշխատանքներն իրականացվել են շուրջ 97 տոկոսով։