ԱՍՀ նախարարը ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ»-ի ներկայացուցիչներին

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչներին՝ դիտորդ խորհրդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորությամբ։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ 
 Ընդգծելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ»-ի  հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ այն պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության հաջողված օրինակներից է։ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել նաև կազմակերպության պատրաստակամությունը՝ տարբեր նախաձեռնությունների և միջոցառումների իրականացման գործում նախարարությանն աջակցելու համար։ 
Կողմերը դիտարկել են նաև սոցիալական բնակարանաշինության, ժողովրդագրության ոլորտներում, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ուղղությամբ համագործակցելու հնարավորությունը։ 
 Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է նաև Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները․ այս համատեքստում շեշտվել է հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներին ուղղված անելիքների և դրա շրջանակում համագործակցության կարևորությունը։ 
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչները ևս շեշտել են նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել իրենց ներդրումն ունենալ համագործակցության ուղղությունների զարգացման գործում։