Ներքին հանդում դիտարկվել է աշխատանքների ընթացքը
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն այցելել է Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ ու դիտարկել սահմանամերձ բնակավայրում ընթացող և ավարտված ծրագրերի արդյունքները։
Այստեղ ավարտին են մոտենում խմելու ջրագծի կառուցման և ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները․ ծրագիրը հրատապ լուծում պահանջող Սյունիքի խնդիրների շարքում մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացվել էր ՀՀ կառավարություն ու հաստատվել։ Ծրագրի արժեքը196 մլն դրամ է։
Կառուցվել է ենթահունային ջրընդունիչ և 1878 մ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել 200 խմ տարողությամբ ՕԿՋ-ն, բնակելի տների՝ մոտ 1700 մետր ներքին բաշխման ցանցը, քլորակայանը։
Մեկ այլ ծրագրով ՀՀ պետբյուջեի միջոցներով ավարտվել են Ներքին Հանդի անհատական 22 տների տանիքների վերանորոգման աշխատանքները։ Գումարի ընդհանուր չափը 202 մլն 150 հազ դրամ է, տանիքների մակերեսը՝ 6861,5 քմ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը, Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի շրջանակում ծանոթանալով բնակավայրում առկա խնդիրներին, տվել էր հանձնարարություն՝ արագ կազմակերպել նշված բնակավայրի տների տանիքների վերանորոգման աշխատանքները: