Էկոնոմիկայի նախարար. Այս տարի ՀՆԱ-ն կհատի 10 տրլն դրամի շեմը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կհատի 10 տրիլիոն դրամի շեմը: Այս ցուցանիշը 10 անգամ գերազանցում է 2000 թվականի մակարդակը:

Վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս կայուն աճի միտում. 2022 թվականին ՀՆԱ-ն կազմել է 8.503 տրլն դրամ, իսկ 2023-ին՝ 9.453 տրլն դրամ: Տնտեսական այս առաջընթացը պայմանավորված է հատկապես արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության վերամշակող ճյուղերի դինամիկ զարգացմամբ:

Թեև ոսկու և ոսկեղենի վերաարտահանումը որոշակի դեր է խաղում տնտեսական աճի մեջ, նախարարը նշել է, որ այս ոլորտի ազդեցությունը հիմնականում անուղղակի բնույթ է կրում: