Ինչպես ակտիվացնել զբոսաշրջությունը արևոտ Մեղրիում. դռների գաղտնիքներն ու հին վանքերը
Մեղրի քաղաքի մասին տեղեկությունները շատերի մոտ սահմանափակվում են խուրմայով և նռով, ինչպես նաև նրանով, որ Երևանից Մեղրի շատ հեռու է՝ 6-7 ժամ լեռնային ճանապարհներով։ Ոչ բոլորն են այստեղ հասնելու ժամանակ և ցանկություն ունենում, ի տարբերություն, օրինակ, Դմիտրի Խառատյանի, որը մի քանի տարի առաջ եկել էր իր պապի հայրենիքը տեսնելու։
Վերջին տարիներին այս շրջանները բացահայտել ցանկացողների թիվը շատացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Մեղրիի հյուրատներից մեկի սեփականատեր Կարեն Կանդազյանը։ Նրա կարծիքով՝ մարդկանց հավանաբար հետաքրքրում է, թե այդ ինչ տեղանք է, որը գրավել է համաշխարհային տերությունների ուշադրությունը։ Մեկ այլ, տխուր պատճառ էլ կա. Մեղրի սկսել են գնալ Արցախի փոխարեն։ «Իհարկե, մեկը մյուսով չես փոխարինի, բայց...»,-ավելացնում է նա։
«Հիմա ավելի հաճախ են գալիս Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, բայց ասեմ՝ ամենաշատը տեղացի զբոսաշրջիկներն են, որոնք առաջ Մեղրիի մասին ոչինչ չգիտեին»,-պատմում է Կարենը։
Տեղացիների համար հեռու է, իրանցիների համար՝ թանկ
Տեղացի զբոսաշրջիկները հիմա էլ քիչ են, արտասահմանցիները՝ ավելի քիչ, բայց, ինչպես պարզաբանեց Կանդազյանը, մինչև 2020 թվականը երկուսն էլ փաստացի չկային։ Թե՛ տեղացիներին, թե՛ եվրոպացիներին հետ է պահում երկար ճանապարհը (Երևանից), հատկապես, եթե համեմատենք Սևանի և Դիլիջանի հետ։ Իրանցիներին Մեղրին ավելի մոտ է, քան Երևանը, բայց թանկ է․ հայկական դրամի նկատմամբ իրանական ռեալի փոխարժեքը շատ ցածր է, ուստի իրանցի զբոսաշրջիկներ այստեղ հաճախ չեն լինում: Որոշ ժամանակ առաջ ամենագնացներով մի խումբ զբոսաշրջիկներ են եկել, անցել են Հայաստանի լեռնային երթուղիներով և շարունակել ճանապարհը դեպի Վրաստան։
Իրանում մեկ լիտր բենզինն արժե 50 դրամ՝ 10 անգամ ավելի էժան, քան Հայաստանում։ Այդ գինը գործում է միայն Իրանի քաղաքացիների համար, բայց սահմանը հատելուն պես հանդիպում ես իրանցի տաքսիստների, որոնք 10 հազար դրամով կարող են տանել Թավրիզ և հակառակ ուղղությամբ (ընդհանուր՝ մոտ 300 կմ): Հայաստանում նման ուղևորությունը երեք անգամ ավելի թանկ կարժենար։ 8 հազար դրամով կարելի է գիշերել այնտեղ (Հայաստանի համար չլսված էժանություն է նույնիսկ բյուջետային հյուրանոցի համար)։
Այդ պատճառով էլ մեղրեցիները հաճախ են գնում Իրան` գնումներ կատարելու, թեև Թավրիզի մոտակայքում էլ շատ տեսնելու բան կա։ Բուն Թավրիզում երեք հայկական եկեղեցի կա, Ջուղայի մոտակայքում՝ Նախիջևանի սահմանի մոտ, Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքն է, իսկ քիչ ավելի հեռու՝ դեպի Իրանի արևմուտք, սուրբ Թադևոսի վանքը (երկուսն էլ հոյակապ շինություններ են)։ Այստեղ էքսկուրսիաների են տանում, բայց հիմնականում Երևանից, ոչ թե Մեղրիից։
Ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru