Արմենպրես. Ձմեռային տուրիզմը Հայաստանում կարող է պահանջված դառնալ
Ձմեռային տուրիզմի զարգացման համար Հայաստանում մեծ ներուժ կա, և որոշակի ներդրումների արդյունքում այն կարող է դառնալ զբոսաշրջության համար շատ պահանջված:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ նշելով, որ ձմեռային տուրիզմն ու սպորտաձևերը կարող են շատ հետաքրքրել արաբական աշխարհից՝ ԱՄԷ-ից, Կատարից, Օմանից և այլ երկրներից եկող զբոսաշրջիկներին:
Լուսինե Գևորգյանի խոսքով՝ այս երկրներում չկա ձմեռ, այդ պատճառով ձմեռային զբոսաշրջությունը գեղեցիկ փաթեթավորելու դեպքում կարող է շատ լավ պրոդուկտ դառնալ հենց արևելյան երկրների զբոսաշրջիկների համար:
«Էկոնոմիկայի նախարարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել Ապարանի ձմեռային հանգստյան գոտուն և շարունակում է մշտապես աջակցել: Առհասարակ խոշոր ներդրողները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Ամեն ինչ արվում է, որպեսզի ներդրումները կայանան և ծառայեն իրենց նպատակներին:
Նշեմ նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագիրը, այսինքն՝ էլեկտրական հոսանքի, ջրի, գազի, ճանապարհների կառուցման մասով պետությունն աջակցություն է ցույց տալիս ներդրողներին»,-ասաց Գևորգյանը:
Նա նշեց, որ ձմեռային տուրիզմի տեսակետից մեծ ներուժ ունի Ծաղկաձորը, որտեղ անհրաժեշտ է պետական ներդրումներ իրականացնել: Ըստ նրա՝ առաջիկայում Զբոսաշրջության կոմիտեն ինչ-որ ծրագրերի շրջանակներում ճանապարհների և հյուրանոցների կողմից մարտուցվող ծառայությունների լավարկում կիրականացնի:
«Շիրակի մարզը նույնպես մեծ պոտենցիալ ունի, այն մեր ամենացուրտ և հյուսիսային մարզն է և այնտեղ համապատասխան ներդրումներ իրականացնելուց հետո մենք կարող ենք ունենալ ամենաերկար ձմեռը Հայաստանում, որը կարող ենք շատ լավ վաճառել ձմեռային սպորտաձևերը սիրող մեր զբոսաշրջիկներին:
Կարծում եմ Հայաստանում ձմեռային զբոսաշրջության մեծ ներուժ կա, պարզապես զբոսաշրջության այս ճյուղը մի փոքր ավելի ներդրում պահանջող տեսակ է»,-նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես