Կառավարությունը հավանություն տվեց Քաջարանի թունելի շինարարության նպատակով վարկային համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս վարկային համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200 մլն դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։
Ներկա փուլում Համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն ապահովելու նպատակով Ծրագրի շրջանակներում նախատեսված են խորհրդատվական ծառայություններ, որոնք իրավասու է իրականացնել միայն այն ընկերությունը, որը մշակել է մանրամասն նախագիծը։ Մինչդեռ Համաձայնագրով նախատեսված չէ խորհրդատուի արտամրցութային ընտրության գնման ընթացակարգը, որը կապահովի նախագծողի հետ հեղինակային հսկողության պայմանագրի կնքման հնարավորությունը։
Ըստ այդմ, համաձայնագրին կից լրացուցիչ համաձայնագրի նախագծում կատարվել է լրացում ԿԶԵՀ գնումների ընթացակարգերի արտամրցութային ընտրության վերաբերյալ:
Հաշվի առնելով Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների (շուրջ 4 կմ ընդհանուր երկարությամբ) առանցքային նշանակությունը՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունը նպատակահարմար է համարում այս համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնգրի ստորագրումը: