Դ. Խուդաթյան. Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի նորոգվել և կառուցվել է շուրջ 385 կիլոմետր ջրագիծ
Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի նորոգվել և կառուցվել է շուրջ 385 կիլոմետր ջրագիծ:
«Սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6,38 մլրդ դրամ, նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ։
«Ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում» ծրագրով՝ 5,14 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց», - ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացում ապահովելու, ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական համաֆինանսավորման ծրագրով 2024 թվականին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որից 31.8 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շուրջ 25.6 մլրդ դրամը վճարվել է համայնքների բյուջեներից և 1.6 մլրդ դրամ՝ այլ ներդրողների կողմից։
Սա 2023 թվականի նույն ցուցանիշից ավել է 1 մլրդ դրամով։