Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացները կկարգավորվեն

ՀՀ կառավարությունը  մտադիր է կարգավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացները։ 

e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման համար հրապարակվել է համապատասխան նախագիծ, որով նախատեսվում է.

  • սահմանափակել հիդրոերկրաբանական տեղեկատվությունների տրամադրումը. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը չի տրամադրի հիդրոերկրաբանական տեղեկատվություններ՝ Արարատյան դաշտի արգելվող համայնքների համար,
  • կարգավորել ձեռնարկատիրական գործունեությունը. սահմանափակվում է ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունը արգելված համայնքներում՝ ջրօգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում։
  •  ակնկալվում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների ավելի խիստ վերահսկում, արգելված համայնքներում ջրօգտագործման սահմանափակումների արդյունավետ կիրարկում։

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2024 թվականի «Ջրային օրենսգրքում» և շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են նոր հորատանցքերի օգտագործման սահմանափակումներ՝ Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում։ Այդ համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև գործող հորատանցքերի օգտագործումը ձկնաբուծական նպատակներով։