Դեղատները կրկին դիմել են Փաշինյանին՝ էլեկտրոնային դեղատոմսերի հարցով
Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ օրական միջինը դուրս է գրվում մոտ 360 էլեկտրոնային դեղատոմս (ոչ պետպատվերի շրջանակում), ինչը նշանակում է՝ էլեկտրոնային դեղատոմսերի շրջանառությունը չի աշխատում։
Հայաստանի 12 դեղատնային ցանցերի ներկայացուցիչներ դժգոհ են առողջապահության նախարարությունից ստացած «անբովանդակ պատասխանից» և մտադիր են շարունակել իրենց պայքարը: Այդ մասին նշված է դեղատնային ընկերությունների հերթական նամակում, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղերի վաճառքի մեծ տուգանքների պատճառով հայաստանյան դեղատները սնանկացման եզրին են հայտնվել։ Մի շարք դեղատնային ցանցերի ներկայացուցիչներ (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 600 դեղատուն) նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակը վերաուղղվել է առողջապահության նախարարություն, սակայն գերատեսչության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանի պատասխանում դեղատների սեփականատերերն այդպես էլ չեն գտել առաջադրված հարցերի պատասխանները, մասնավորապես, դեղատների նկատմամբ տուգանքների կիրառման պրակտիկայի վերաբերյալ, քանի որ բուժհաստատություններում բժիշկները բավարար քանակությամբ էլեկտրոնային դեղատոմսեր չեն գրում: Բացի այդ, տեսչական մարմինը շարունակում է տուգանքը նշանակել վաճառված հաբերի քանակով, այլ ոչ թե յուրաքանչյուր անվանում դեղի համար, ինչպես օրենքի պահանջն է։ Յուրաքանչյուր վաճառված դեղի համար նշանակվում է տուգանք՝ 5000 ՀՀ դրամի չափով։
«Տուգանքի նշված չափը, հաշվի առնելով ներկայումս էլեկտրոնային դեղատոմսերի համատարած դուրս չգրման պրակտիկան, որոշ տնտեսվարողների մոտ կարող է կազմել հարյուրավոր միլիոն դրամ։ Այսինքն` նման տուգանքների կիրառումը հավասարազոր է տվյալ տնտեսվարողի ուղիղ սնանկացմանը»,- ահազանգում են դեղատները։
Նախորդ տարվա նոյեմբերի 21-ին դեղատնային ցանցերի ներկայացուցիչները դիմել էին կառավարության ղեկավարին՝ որպես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը համակարգող վերադասի, որ «վարչապետը հանձնարարեր դադարեցնել դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի չգործելու արդյունքում տեսչական մարմնի կամայական վարչարարությունը, միաժամանակ, առողջապահության նախարարության կողմից ապահովելու էլեկտրոնային դեղատոմսերի շրջանառության լիարժեք ներդրման՝ իր պարտականությունների կատարումը»։
«Մեր դիմումից մեկ ամսից ավելի անց Առողջապահության նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստանում ենք անբովանդակ մի պատասխան, որը ոչ մի կապ չունի մեր բարձրացրած խնդիրների հետ։ Պատասխանից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ ԱՆ-ի կողմից տրվել են խորհրդատվություններ հեռախոսազանգերի միջոցով, իրականացվել է հանրային լայն իրազեկում, կազմակերպվել են, ի թիվս այլնի, ասուլիս, անիմացիա և ինֆոգրաֆիկաներ, հարցազրույցներ, մամուլի հաղորդագրություններ, որոնք տեղադրվել են նախարարության կայքում, «Հաճախ հնչող հարցերն» առանձնացվել են»,- նշված է դեղատնային ցանցերի ներկայացուցիչների նամակում։
Միակ բանը, որ կապ ուներ դեղատների կողմից բարձրացված հարցերի հետ, մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսերի քանակի մասին տեղեկությունն էր: Դեղատնային ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ այս 9 ամիսների ընթացքում դուրս է գրվել 97 377 էլեկտրոնային դեղատոմս այն հիվանդների համար, ովքեր դեղերը գնում են իրենց գրպանից, այսինքն՝ ոչ պետպատվերով, ինչը, ըստ ոլորտի աշխատակիցների, շատ ցածր ցուցանիշ է՝ օրական մոտ 360 դեղատոմս: Սա իր հերթին ապացուցում է, որ էլեկտրոնային դեղատոմսերի (ոչ պետպատվերով) շրջանառությունը, փաստորեն, չի աշխատում։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru