236 մլն եվրո կհատկացվի Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար։
Համապատասխան պայմանագիրն այսօր հավանությունէ  ստացել ՀՀ կառավարության կողմից։
236 մլն եվրոն կուղղվի Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի կառուցմանը։
«Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ Սիսիանից մինչև Շենաթաղ՝ 27.1 կմ երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ»,– ասված է որոշման մեջ:
Ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ, 3 երթևեկելի գոտիներով ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է։
Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2033 թ. դեկտեմբերը։
Կառավարության կողմից հավանության արժանացած միջազգային այս պայմանագրի սահմանադրականությունը կքննարկվի ՀՀ Սահմանադրական դատարանում։ Դրական որոշման դեպքում այն կներկայացվի Ազգային ժողովին։