ՀԿԵ–ն ամփոփել է 2024 թվականը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թիվը 2024 թվականին աճել է։ 
«2023 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 4.6 տոկոս աճ, որը կազմել է շուրջ 563 000 ուղևոր: Հաշվետու տարում մերձքաղաքային գնացքների ծառայություններից օգտվել է շուրջ 521 000 մարդ: Մերձքաղաքային հաղորդակցությունում ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Երասխ-Երևան երթուղիներում: Բացի այդ, 2025 թվականին երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է վեց զբոսաշրջային (չարտերային) փոխադրում, տեղափոխել է շուրջ 1 500 ուղևոր»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով փոխադրվել է շուրջ 42 500 ուղևոր: Միջազգային հաղորդակցությունում ուղևորների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 14 500 ուղևորով, ինչը պայմանավորված է մի քանի պատճառով: Հիմնականում մայիս-հունիս ամիսներին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած հեղեղումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման և Երևանի ու Թբիլիսիի միջև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով։