Երկար դադարից հետո պետական մասնաբաժնով ռազմարդյունաբերական ընկերությունները 2024-ին շահույթ են գեներացրել. Հայրապետյան

Պետական մասնաբաժնով ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունները երկար դադարից հետո առաջին անգամ հնարավորություն ունեցան գրանցել շահույթ։ Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Սա նշանակում է, որ նախկինից կուտակված մի շարք պարտքեր, թե աշխատակիցների աշխատավարձերի մասով, թե տարատեսակ այլ կառույցների, կազմակերպությունների առջև ունեցած, սկսել են մարվել, աշխատակիցները սկսել են ստանալ իրենց ամիսներ շարունակ դեռևս չվճարված աշխատավարձերը:

Սրան կարողացել ենք հասնել մեր, ՊՆ-ի գործընկերների եւ ոլորտի գործարանների՝ եռակողմ ձևաչափով բավականին բարձրորակ համագործակցության արդյունքում: Երկրորդը, դրան հասել ենք տվյալ ընկերություններում կատարված որոշակի կադրային փոփոխությունների, ինչպես նաև արդյունավետ կառավարման մոդելներ ներդնելու արդյունքում։ Ընդ որում, դեռևս մենք չենք հասցրել այդ գործարաններում իրականացնել զարգացման ծրագրեր, պարզապես ընդամենը այս երեք գործոնները բավարար էին ցույց տալու համար, որ իրապես պետական բաժնեմասով ընկերությունները հնարավոր է կառավարել արդյունավետ, էֆեկտիվ ձևով և ոչ միայն պարտավորությունները մարել, այլև գեներացնել շահույթներ»,- հայտարարեց նախարարը՝ խոստովանելով, որ այդ շահույթները մեծ ծավալ չեն կազմում:

Հայրապետյանի ներկայացմամբ, իրենք մտադիր են զարգացման ծրագրեր իրականացնել համապատասխան ներդրումների տեսքով, որի արդյունքում ակնկալում են, որ պետական բաժնեմասով այս ընկերությունները կարող են ժամանակին պրոդուկտներ արտադրել և կատարել մատակարարումներ զինված ուժերին։

Այնուհետեւ նա ներկայացրեց 2025-ի պլանները.
«Մենք պլան-մաքսիմում ենք սահմանել և հույս ունենք, որ առնվազն կեսով չափ 2025-ին դա կկատարենք: Մասնավորապես,  ռազմաարդյունաբերության ոլորտը, բացի մեր անվտանգային կարիքներին սպասարկելու կարևորագույն գործոն լինելուց, նաեւ դիտարկում ենք իբրև տնտեսության կարևորագույն մի սեգմենտ։

Մենք հավատացած ենք, որ տնտեսության այս ճյուղը հնարավոր է գրագետ կառավարելու և ներդրումներ կատարելու միջոցով կայացնել, որը տնտեսության մեջ կարևորագույն դերակատարում  և ուղղություն է դառնալու: Այստեղ շատ կարևոր է ժամանակի ընթացքում քաղաքականությունները այնպես մշակել և ձևակերպել, որ մի շարք ընկերություններ ունենան կարողունակություններ, ծավալներ, նաև արտահանելու մեր հայրենական արտադրանքները: Հետևաբար այստեղ արտահանման ընթացակարգերի հստակեցում ենք նախատեսում իրականացնել, ստեղծելու ինստիտուցիոնալ հիմքեր: Նաև մտավոր սեփականության պահպանման մեխանիզմն ենք մտադիր լավարկել, որը էլ ավելի գրավիչ կդարձնի գիտնականներին, ինժեներներին գալ և օգտվել պետության կողմից առաջարկվող դրամաշնորհային ծրագրերից»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: