Քննարկվել է հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված նախաձեռնությունը
Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կարգավորվում է Կառավարության որոշմամբ, որի լիազոր նորմը սահմանված է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով: Իսկ «Բյուջետային համակարգի մասին» օրենքը կարգավորում է պետական բյուջեի ծախսերի իրականացման գործընթացները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի խոսքով «Բյուջետային համակարգի մասին» օրենքում որևէ սահմանում չկա հանրային ներդրումների և հանրային ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Տարընթերցումներից խուսափելու նպատակով նախաձեռնությամբ ներմուծվում են «Հանրային ներդրումներ» և «Հանրային ներդրումային ծրագիր» տերմինները:
Փոփոխություններով նախատեսվում է, որ հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը կսահմանի Կառավարությունը:
Զեկուցողի տեղեկացմամբ նախաձեռնությամբ առաջարկվում է նաև հստակեցնել օրենքի այն դրույթները, որոնք անմիջականորեն վերաբերում են բյուջետային ծրագրերին: Հանրային ներդրումների կառավարմանը և ներդրումային ծրագրերին վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից և կտարածվեն 2027 թվականի բյուջետային գործընթացի վրա:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն: