Երասխից Արարատ տեղափոխված մետալուրգիական գործարանը կգործի, տնտեսության դիվերսիֆիկացումն էլ շարունակվում է․ նախարար
Երասխից Արարատ տեղափոխված մետալուրգիական գործարանը պատրաստ է, անցնում է փորձարկումներ՝ «Ռադիոլուրի» հարցին այսօր այսպես է արձագանքել էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 40-50 մլն դոլարի ներդրումներ են իրականացվել են։ Այս գործարանը կառուցվում էր սահմանամերձ Երասխում, բայց Ադրբեջանի գնդակոծություններից հետո այն տեղափոխվել է Արարատ։ Բացի այդ, նախարարն ասել է նաև, որ Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման դեպքում «Գյումրի» ցամաքային նավահանգիստը» կարող է գործարկվել՝ վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ այդ դեպքում նավահանգիստը կդառնա լուրջ տարածաշրջանային հաբ։ Նախարարի խոսքով, տնտեսական ավելի խորքային հետազոտություն կպատվիրեն, լրացուցիչ ներդրումները մոտ 50 մլն դոլար կկազմեն․
«Մենք ոչ միայն մեր քաղաքական ուղերձների մեջ, այլ նաև գործով ենք պատրաստվում և իրականցնում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այն ոչ միայն գաղափարախոսություն է, այլ նաև կոնկրետ ծրագիր։ Այն ենթադրում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցման ավարտ և երկաթուղային ցանցի զարգացում»։
«Խաղաղության խաչմերուկը» ճանապարհների ապաշրջափակման քաղաքական գործոնից բացի, նաև տնտեսական լուրջ ակնկալիքների հիմք է տալիս։ Տնտեսական զարգացումներ ակնկալվում են նաև Եվրամիությունից։ Դեպի Եվրոպա ճանապարհը չի նշանակում դուրս գալ տնտեսական մեկ այ կառույցից՝ ԵԱՏՄ-ից, վստահցնում է Գևորգ Պապոյանը։
«Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կառավարության օրակարգում չկա: Եվրամիության անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, և մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունը, մրցունակությունը բարձրացնելը: Էական չէ՝ Հայաստանը կլինի ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում, ուր կլինի, մեր պետությունը պետք է մրցունակությունն ավելացնի, մեր արտադրողականությունն աճի, մենք պետք է բարդ ապրանքներ հնարավորինս շատ արտադրենք, պետք է հնարավորինս բարձր և մրցունակ ծառայություններ մատուցենք»։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունն ինչ-որ բանով փոխարինելու մասին չի մտածում, սակայն դիվերսիֆիկացնում է իր առևտրային գործընկերներին՝ ընդգծում է ոլորտի պատասխանատուն։ Նա նաև հիշեցնում է՝ Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերը հիմա Արաբական Միացյալ Էմիրություններն է: Առևտրային խոշոր գործընկերների մեջ Ռուսաստանի հետ նաև Չինաստանն ու ԵՄ-ն են:
Առևտրային հարաբերություններից բացի, ոչ պակաս կարևոր են նաև ներդրումային ծրագրերը։
Ամբողջությամբ՝ hy.armradio.am