«Հայ դպրոց» հիմնադրամի շնորհիվ Սևան համայնքում կրթօջախները նոր գույք են ստանում
Սևան համայնքի և «Հայ դպրոց» հիմնադրամի համագործակցությունը, որը տարիների պատմություն ունի, վերածվել է մեծ բարեկամության:
Տարիներ շարունակ «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից իրականացվող բարեսիրական ծրագրերի շահառուներ են դարձել Սևան համայնքի նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատությունները, որի շնորհիվ հաստատությունները համալրվել են անհրաժեշտ գույքով։
Համայնքապետարանից հայտնում են, որ հիմնադրամի նախագծերը 2025 թվականին ևս ունենալու են շարունակություն․ արդեն հաստատվել է այն հաստատությունների ցանկը, որոնք այս տարի կստանան նվիրատվություն՝ լիովին կփոխվի Սևանի Յակով Զարուբյանի անվան թիվ 2 դպրոցի գույքը, որն արդեն դարձել էր գրեթե անօգտագործելի, նոր գույք կստանան Ծովագյուղի միջնակարգ եւ Սևանի Վլ. Կարապետյանի անվան հիմնական դպրոցների երկու դասարան, Գագարինի միջնակարգ դպրոցում մեկ դասարան կթարմացվի նոր գույքով։ Նոր գույք ստացողների ցանկում է նաև քաղաքի «Բոժոժիկ» մսուր-մանկապարտեզը։ Դպրոցական պահարաններ, ուսուցչական սեղան-աթոռներ կստանան Գեղամավանի եւ Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցները։
Տարվա ընթացքում նոր գույք կստանա նաև Սեմյոնովկա բնակավայրի դպրոցը, որի հայտը քննարկման փուլում է։ Սևանի համայնքապետարանը երախտագետ է իր բարեկամներին` ի դեմս «Հայ դպրոց» հիմնադրամի, որը տարիներ շարունակ համայնքում իր ներկայությամբ ապահովում է բարեգործական ծրագրերի իրականացումը և նախադպրոցական, հանրակրթական հաստատություններին հնարավորություն է ընձեռում հարմարավետ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններում կազմակերպել կրթադաստիարակչական գործընթացը: