Գողացված մեքենաների սեփականատերերը կազատվեն գույքահարկից
Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ հարուցելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տնօրինմանը հանձնելն ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկից, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին:
Փոխնախարարի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերն այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից, իսկ համայնքն իրական հնարավորություն կստանա հանցագործության հիմքով հափշտակված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոխարեն փոխադրամիջոցի գույքահարկի գծով առաջացած հարկային պարտավորության արժեքի չափով որպես հանցագործությամբ պատճառված վնաս գումար գանձել հանցանք կատարած անձից:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: