Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրի շրջանակում շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2024 թ․ իրականացված աշխատանքները, նաև ներկայացրել 2025 թ․ նախատեսվող նախաձեռնությունները։

Ըստ այդմ, 2024 թվականին շարունակվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ամսական մինչև 50 հազար դրամ է տրամադրվել՝ յուրաքանչուր ամիս շուրջ 100 հազար հայրենակցի։

Միջոցառման շրջանակում 2024-ին ԼՂ-ից տեղահանված հայրենակիցներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 58,5 մլրդ դրամ ուղիղ ֆինանսական աջակցություն։ Հայրենակիցներին աջակցելու համար ընդհանուր առմամբ իրականացվել է ֆինանսական 3 ծրագիր՝ 100, 50+50 և 40+10 հազար դրամ աջակցության միջոցառումների տեսքով. տվյալ միջոցառումների շրջանակում տրամադրվել է շուրջ 89 մլրդ 370 մլն դրամ։

2025 թվականին ևս կիրականացվի աջակցության նորացված ծրագիր, որի շրջանակում ֆինանսական աջակցություն կստանան գրեթե բոլոր հայրենակիցները, իսկ ապրիլից՝ աջակցությունը կլինի առավել թիրախային։ Կշարունակվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել շուրջ 440 ընտանիք։

Ընդունվել են պետության համար առաջնային համարվող երկու փաստաթղթեր՝ ՀՀ ժողովրդագրության և ՀՀ զբաղվածության ռազմավարությունները։ ՀՀ ժողովրդագրության ռազմավարությամբ նախատեսված շուրջ 190 միջոցառման իրականացումը հնարավորություն կտա ստեղծել ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայր, նվազեցնել մահվան ռիսկի գործոնները, ապահովել ակտիվ ու արժանապատիվ ծերության պայմաններ, ինչպես նաև նվազեցնել էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառները՝ ձևավորելով բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալ։ Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները ևս հնարավորություն կտան նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատեղերի ավելացմանը, տնտեսական կայուն և ներառական աճի խթանմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը և այլն:

Աղբյուրը՝ hy.armradio.am